կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-19 19:00
Իրավական

Գյումրիում մեղադրանք է առաջադրվել երեք հոգու

Գյումրիում մեղադրանք է առաջադրվել երեք հոգու

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է Գյումրի քաղաքում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվում են միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվում նրանց գործողությունները։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան և 26 Կոմիսարների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նշված երկու ավտոմեքենաների վարորդների և հավաքված անձանց միջև, որը վերաճել է զենքի գործադրմամբ խուլիգանության:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա,  հոկտեմբերի 19-ի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասով, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Մեղադրյալներից  2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ երրորդ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։

Եվս մեկ անձ ձերբակալվել է հոկտեմբերի 18-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ։

Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել առերեսումներ։ Էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով  նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, 6 անձի նկատմամբ՝ դատաբժշկական փորձաքննություն։