կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-30 14:51
Քաղաքական

Եկել է իրենց տեր կարծողներին ծառա դարձնելու ժամանակը. Սասուն Մանուկյան

Եկել է իրենց տեր կարծողներին ծառա դարձնելու ժամանակը. Սասուն Մանուկյան

Հոկտեմբերի 2-ին ՀՀ մի շարք շրջաններում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Yerkir.am-ը զրուցել է Կապանի ՀՅԴ թեկնածու Արտուր Աթայանի շտաբի պետ Սասուն Մանուկյանի հետ:

Մեզ հետ զրույցում Մանուկյանը, անդրադառնալով այլ ուժերի կողմից ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը որպես հակաքարոզչություն օգտագործելու փաստին, նշեց, որ Կապանն այս առումով եզակի օրինակ է, և կարող է ցույց տալ` չի կարելի Հայ Յեղափոխական Դաշնակցությանը նույնացնել որևէ ուժի, հատկապես` Հանրապետական կուսակցության հետ: «Այն գործիքներն ու վարչական ռեսուրսը, որ օգտագործում է իշխող կուսակցությունը Կապանի ՏԻՄ ընտրություններում արդյունքի հասնելու համար, ցույց է տալիս, որ այդպիսի համագործակցություն չի կարող լինել: Սա ակնհայտ ցցուն օրինակ է, թե ինչպես չի կարելի քարոզարշավ անել, հատկապես` գործընկերոջ հետ: Այդ շահարկումները ծիծաղելի են»,- նշեց մեր զրուցակիցը:

Ըստ Մանուկյանի` իրենք կապանցուն այլընտրանք են առաջարկում: «Ընդհանուր առմամբ, մեր քարոզարշավի ծրագրով նախատեսված բոլոր քայլերն իրականացրել ենք և ապավինել բացարձակապես կապանցու անկոտրում կամքին, իրավիճակ փոխելու ցանկությանը ու առաջարկել ենք այլընտրանք»,- շեշտեց նա:

Մանուկյանի խոսքով` իրենք գրեթե ամեն օր ունեցել են թաղային հանդիպումներ և իրենց շտաբների աշխատանքից դժգոհ չեն: «Մեր հիմանական ու ամենամեծ հրապարակային հանդիպումը եղել է ամսի 23-ին Կապանի ամենամեծ դահլիճում, որը եղել է լեցուն: Իսկ առօրյա աշխատանքում մենք ամեն օր ունեցել ենք շտաբային հանդիպումներ, թաղամասային հանդիպումներ ենք արել և այդ աշխատանքներից դժգոհ չենք», -ասաց նա:

Մանուկյանը նշեց, որ իրենք այն ուժն են, որ ոչ միայն ընտրակաշառք բաժանելուն կողմնակիցը չեն, այլև փորձելու են հետամուտ լինել, որ այլ թեկնածու դա չանի: Ըստ նրա` առայժմ միայն խոսակցություններ են լսել, թե փորձելու են ընտրակաշառք բաժանել:

«Եկել է սխալները շտկելու և իրենց տեր կարծողներին ծառա դարձնելու ժամանակը, ու մենք այդ հարցում ապավինում ենք բացառապես կապանցու ինքնավստահ կեցվածքին: Մենք այդ փոփոխությունները առաջարկում ենք անել Արտուր Աթայանի հետ»,-խոսքը եզրափակեց Մանուկյանը: