Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արեգ Կարապետյանը մեկն է այն 35 աշակերտներից, ովքեր «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում հանձնել են միջազգայնորեն ճանաչելի քննություններ: Քննությունները պիլոտային կարգով կազմակերպել էր «Այբ» դպրոցը, որն առաջիկայում արդեն, ընդլայնելով ծրագրի շրջանակները, ԿԳՆ-ի հետ համատեղ կփորձի ծրագիրը հասանելի դարձնել բոլոր աշակերտների համար:
«Արարատյան բակալավրիատ» հայալեզու կրթական ծրագիրը կյանքի է կոչվում Կրթության գերազանցության ազգային ծրագրի /ԿԳԱԾ/ շրջանակներում: Ծրագրի միջոցով աշակերտներին հնարավորություն է տրվում Հայաստանում հանձնել քննություն և դրանց արդյունքների միջոցով այնուհետև սովորել արտասահմանյան լավագույն բուհերում:
Արեգ Կարապետյանը նշեց, որ ինքը հանձնել է քննությունների մի մասը, քանի որ դեռ 12-րդ դասարանում է սովորում: Նա դժգոհ չէ քննությունների արդյունքից` «Քիմիա»-ից` B, «Մաթեմատիկա»-ից C է ստացել, 2017-ին քննությունների երկրորդ փուլն էլ հաղթահարելու դեպքում հնարավորություն կունենա դրսում սովորելու: «Ուզում եմ ծրագրավորման կամ ինժեներիայի ոլորտում շարունակել ուսումս և դրսում սովորել: Այս քննության դրական կողմն այն է, որ մենք այստեղ հայերենով հանձնում ենք միջազգայնորեն ճանաչելի քննություն և հետո ազատ կարող ենք դրսի այս կամ այն բուհերից մեկում սովորել: Քննությունները հեշտ չեն. եթե հանրակրթական դպրոցում 1 քննություն ես հանձնում, ապա այստեղ 1 առարկայից 4-5 քննություն ենք հանձնում: Բնագիտական առարկաներից, օրինակ, մի քննության ժամանակ դու փորձ ես անում և պետք է փորձի արդյունքները գրես, մյուսի ժամանակ փորձիդ արդյունքները վերլուծել է պահանջվում, իսկ հաջորդ փուլում ընտրովի հարցեր են»,- ասում է Արեգը:
Ըստ նրա` ճիշտ է, քննությունները դժվար են, սակայն, դրանց պատրաստվելով, աշխարհայացքդ ընդլայնվում է` մի առարկային կարողանում ես տարբեր տեսանկյուններից նայել:
ԿԳԱԾ-ի տնօրեն տեր Մեսրոպ քահանա Արամյանն այսօր` լրագրողների հետ զրույցում, նշեց, որ «Արարատյան բակալավրիատ» ծրագրի միջազգային ճանաչման աշխատանքն իրականացրել է Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը: Քննությունների արդյունքներով, ըստ տեր Մեսրոպի, մեր աշակերտները հնարավորություն կունենան սովորելու Քեմբրիջում, Օքսֆորդում…
«Սա խստապահանջ ծրագիր է, և առանց շատ լավ աշխատելու, չես կարող հասնել արդյունքի: Ծրագիրը լիովին համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին, և ծրագրի իրականացման ընթացքին հետևում է Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը: Այս տարիների ընթացքում մենք փորձել ենք մեր խոսքն ասել, մերը ստեղծել կրթության ոլորտում և կարողացել ենք ունենալ մրցունակ կրթություն: Հայերիս մոտ գոյատևման գաղտնիքը եղել է գերազանցության շունչը և լավագույնին հասնելու ձգտումը»,- ասաց տեր Մեսրոպը:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց` Հայաստանում արդեն իսկ ունենք այլընտրանքային ծրագիր, որը բավական բարձր մակարդակի է: «Երբ խոսում ենք, որ կրթական համակարգը պետք է համապատասխանի միջազգային որակին, կարևոր է, որ դա ձևական չանենք, այլ ձևավորենք կրթական արդյունք, որի բոլոր փուլերը կկարողանանք մատուցել: Այսինքն` եթե ունենայինք «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը` առանց այն իրականացնող կրթական համակարգի, ինչ-որ օղակ չէր աշխատի»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ԿԳԱԾ-ն էլիտար ծրագիր է, բայց այդպես չէ, և նախարարությունը «Այբ»-ի հետ համատեղ առաջիկայում ծրագիր է կազմելու, որպեսզի դպրոցներին ներկայացնեն «Արարատյան բակալավրիատի» բոլոր հնարավորությունները: Մկրտչյանը նշեց նաև, որ հույսի ունի` 1-2 տարվա ընթացքում «Արարատյան բակալավրիատը» հասանելի կլինի ՀՀ բոլոր մարզերի դպրոցների աշակերտներին:
Ըստ «Այբ»-ի տնօրեն Արամ Փախչանյանի` ծրագրի շրջանակում հանձնած քննությունները ոչ միայն փորձում են ապացուցել երեխայի գիտելիքները, այլ նաև ներդաշնակվում է ուսուցման ընթացքը: «Այս քննությունները հնարավոր չէ հանձնել կրկնուսույցների մոտ պարապելու միջոցով, այն որոշակի գիտելիքների հիմք է պահանջում: Հիմա էլ մեր աշակերտներից ոմանք քննությունների հիման վրա արդեն իսկ եվրոպական և ամերիկյան բուհեր են ընդունվել»,- ասաց նա: