կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-30 12:26
Իրավական

Այսօրվանից դպրոցների շրջակայքում վարելու են 40 կմ/ժամ արագությամբ

Այսօրվանից դպրոցների շրջակայքում վարելու են 40 կմ/ժամ արագությամբ
Այսօր ճանապարհային ոստիկանության ճանապարհա-պարեկային բաժնի պետ Նորիկ Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց, նոր ուսումնական տարվան ընդառաջ, անվտանգ երթևեկության ուղղությամբ ոստիկանության իրականացրած նախապատրաստական աշխատանքները:

Նրա խոսքով` սեպտեմբերի 1-ից սկսած` հանրապետության բոլոր դպրոցների շրջակայքում ողջ ամսվա ընթացքում պարեկություն են անելու ոստիկանական խմբեր, որոնք կոնկրետ դպրոցին կցված են լինելու:

Նորիկ Սարգսյանը կոչ արեց երեխաներին ու նրանց ծնողներին` ճանապարհն անցնել սահմանված վայրերում, հետևել լուսացույցի ազդանշաններին, ճանապարհների մոտ չխաղալ ու հեծանիվներ չվարել:

«Այսօրվանից սկսելու է գործել, դպրոցների մոտակայքում տեղադրված ազդանշաններին համապատասխան, 40 կմ/ժամ արագությունը: Վարորդներին նաև տրվելու է 12 օր ժամանակ, որպեսզի մեքենաների գունամշակված հողմապակիները բերեն մշակված տեսքի: Սեպտեմբերի 10-ից ճանապարհային ոստիկանությունը արձանագրելու է նաև այդ խախտումը, խոսքը մուգ ապակիների մասին է, որոնց լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս»,- ասաց Նորիկ Սարգսյանը:
 
Ոստիկանությունը, սեպտեմբերի 1-ի նախօրեից սկսած, մեկ ամիս շարունակ աշխատելու է պարեկային հսկողության ռեժիմով, որպեսզի երեխաները հասցնեն ադապտացվել երթևեկության կանոններին և չենթարկվեն վրաերթի: