Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարդը, ով մտնում է բանկ, նպատակ չունենալով ո\'չ թալանել այն, ո\'չ մարդ սպանել-վիրավորել, կա\'մ խելագար է, կա\'մ ռոմանտիկ, կա\'մ էլ ռուսաստանաբնակ սնանկացած հայ գործարար: Օրերս մոսկովյան բանկերից մեկը մտած Արամ Պետրոսյանին երբ հարցրել են, թե ինչո՞ւ է մտել բանկ, մի քանի հոգու պատանդ պահել` սպառնալով պայթեցնել բանկը, մարդը պատասխանել է, որ այդպիսով ինքը ցանկանում էր ուշադրություն հրավիրել իր խնդիրների վրա: Իսկ խնդիրներ Արամ Պետրոսյանն ունի, նա սնանկ է ճանաչվել, հավանաբար, վարկեր ունի, որոնց տերերը, թեև մարդը սնանկ է ճանաչվել, հասկանալիորեն պահանջում են գումարները, դե Պետրոսյանն էլ գումար չունի, իսկ այն մարդը, որը գումար չունի, փոխարենը պարտք ունի, ունենում է կամ ռոմանտիկ մտքեր, կամ խելագար մտքեր: Բանկ գրավելը, աշխատակիցներից մի քանիսին պատանդ պահելը խելագար մտքեր են, անշուշտ:
Բայց այս պատմությունը մի նրբություն ունի: Բժիշկները, կարծես, ոչինչ չեն ասել, թե ի՞նչ է կատարվում մարդու առողջության հետ, երբ նա ունենում է ուշադրության կարիք: Կարծում եմ, որ սա 21-րդ դարի թիվ մեկ հիվանդությունն է: Ցանկացած ըմբոստության, ապստամբության, հեղափոխության, դրանց փորձի հիմքը հենց ուշադրության պակասն է: Կմտնե՞ր Արամ Պետրոսյանը մոսկովյան բանկը, եթե որեւէ մեկը հանդիպեր նրան, խոսեր, խնդիրներին լուծում առաջարկեր, իհարկե, չէր մտնի… Իսկ կմտնեի՞ն ծռերը Էրեբունու ՊՊԾ գունդ, եթե… Կարծում եմ՝ չէին մտնի: Նրանք, իհարկե, ասում են, որ ՊՊԾ գունդ են մտել, որովհետեւ «ռեժիմը հողերը տալիս է», որովհետեւ «երկիրը կեղեքվում է», եւ «քանի որ այս իշխանությունները չեն կարողանում այս հարցերը լուծել, ուրեմն պետք է իսկույն հեռանան», բայց իրականում այս պատմության հիմքն էլ ուշադրության պակասն է: Տարիներ շարունակ այս մարդկանցից շատերը բարձրաձայնել են խնդիրներ, որոնց լուծումները չեն գտնվել: Եթե անգամ դրանք խնդիր չեն եղել, եթե անգամ դրանք զրպարտություն են եղել, ոչ ոք չի գնացել այդ մարդկանց մոտ, չի նստել նրանց հետ սեղանի շուրջ եւ չի բացատրել, որ` եղբա\'յր, լավ` պարո\'ն, այդպես չէ, ինչպես դու ես ասում, այլ այսպես է, չգիտես, դրա համար էլ այդպես ես ասում, հիմա իմացիր եւ այսպես ասա: Չի եղել նման դեպք, մարդկանց ու ոչ միայն Սասնա ծուռ դարձածների բարձրաձայնած խնդիրները, որպես կանոն, ուշադրության չեն արժանացել եւ չեն արժանանում, իսկ երբ սա քաղաքականություն է դառնում, մարդիկ դառնում են կա\'մ ռոմանտիկ, ինչը լավ է իշխանության համար, քանի որ ռոմանտիկ մարդիկ փողի կարիք չունեն, կա\'մ էլ` խելագար, ինչը վատ է իշխանության համար, քանի որ խելագար մարդիկ միշտ իրենց նպատակին հասնելու միջոցներ ունեն եւ դրանց դիմելու համարձակություն:
Սա է ամբողջ պատմությունը, սրանից են սկսվում բոլոր կամ գրեթե բոլոր մեծ ըմբոստություն-ապստամբությունները, հեղափոխությունները: Ըմբոստները, ապստամբները, հեղափոխականները մինչ այդ քայլին դիմելը խոսել են, հետո բղավել են, չեն լսել: Հեղափոխությունը չլսելու հետեւանք է, լսելի դառնալու համարձակություն, դրա վերջին, հուսահատ փորձը, չարդարացված, հանցավոր, բայց՝ հասկանալի, այն միշտ հաջորդում է ռոմանտիկային կամ խելագարության, ցանկացած ըմբոստություն, ապստամբություն կամ հեղափոխություն ռոմանտիկ խելագարություն է, չարդարացված, բայց` հասկանալի:
Ուշադիր լսեք, թե մարդիկ ինչ են ասում, բանավիճեք նրանց հետ, բացատրեք, փաստեր ներկայացրեք, եթե դրանք կան, եթե չկան՝ ընդունեք նրանց փաստարկները, զրուցեք նրանց հետ. ինչպես բանակցությունների ժամանակ պատերազմ չի լինում, այնպես էլ զրույցների ժամանակ հեղափոխություն չի լինում: Իսկ պատերազմն ու հեղափոխությունը նույն բանն են. երկուսի ժամանակ էլ արյուն է թափվում, որն, ինչպես հետո է հաճախ պարզվում, իզուր էր:
Հովիկ Աֆյան