| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հադրութ շրջկենտրոնում՝ վարչակազմի և համայնքների պատասխանատուների մասնակցությամբ.  տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժինը։
Ա. Հարությունյանը հացահատիկային մշակաբույսերի կազմակերպված բերքահավաքի համար գոհունակություն է հայտնել շրջանի բնակիչներին: Նա նշել է, որ չնայած ապրիլյան ռազմագործողությունները մեծապես խանգարել են գյուղատնտեսական աշխատանքներին, այնուամենայնիվ, հաջողվել է հացահատիկի անկորուստ բերքահավաք կազմակերպել:
Խորհրդակցության ընթացքում Հադրութի գլխավոր գյուղատնտեսը ներկայացրել է շրջանի աշնանացանի բերքահավաքի արդյունքները, ըստ որոնց՝ գարու միջին բերքատվության ցուցանիշը կազմել է 21.5 ց, իսկ ցորենինը՝ 27.5 ց:
Գործադիր իշխանության ղեկավարը ներկայացված ցուցանիշների վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել և նշել, որ բերքի մշակման աշխատանքները տնտեսվարողների կողմից գտնվում են մեծ մասամբ ոչ պատշաճ վիճակում: «Անցնող տարին հացահատիկի բերքի ստացման համար շատ բարենպաստ է եղել, սակայն անհրաժեշտ ագրոմիջոցառումների չիրականացման պատճառով բերքի արձանագրված միջին ցուցանիշներն ավելի ցածր են,  քան կարելի էր ստանալ»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով աշնանացանի նախապատրաստական աշխատանքներին՝ Ա. Հարությունյանը կրկին իր դժգոհությունն է հայտնել, որ  դրանք ընթանում են թույլ տեմպով: Այդ առթիվ խորհրդակցության մասնակիցները որոշակի պարզաբանումներ են ներկայացրել, որոնց հետևել են գործադիր իշխանության ղեկավարի համապատասխան հանձնարարականները՝ առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև համայնքային նշանակության այլ հարցեր: