Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արթուր Սողոմանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց օրեր առաջ Արթիկ քաղաքում տեղի ունեցած հեղեղումների և այդ հեղեղումների հետևանքով առաջացած վնասների մասին:
Նրա խոսքով՝ ուրբաթ օրը` մինչև ուշ գիշեր, Արթիկում է եղել տարածքային կառավարման և զարգացման նախարարը, հետո նաև վարչապետը և շաբաթ օրը քաղաքում վարչապետի հանձնարարականով աշխատանքներ են սկսվել:
«Վնասների չափի գնահատման հանձնաժողով է ստեղծվել, որտեղ ընդգրկվել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ մարզպետարանից, նախարարությունից և այլն: Աշխատանքներին հետևել ենք նախարարի տեղակալի մակարդակով, և նախարարի ներկայացուցիչը շուրջօրյա աշխատանքներ է իրականացնում Արթիկում»,- ասաց Սողոմոնյանը՝ հավելելով, որ ջրի հոսքը առաջին օրերին չի դադարել, դրա համար հենց առաջին օրվանից մեծ տեխնիկա չէր լինում գործի դնել, քանի որ ջրի հոսքը չէր դադարել:
Դիտարկմանը, թե մեղադրանքներ կային, որ միջոցները կենտրոնացված են Հռոմի պապի այցի վրա, և բավարար չափով ուշադրության չէր արժանանում Արթիկում տեղի ունեցած դեպքը, Սողոմոնյանը պատասխանեց, որ չի կիսում այդ կարծիքը, և Հռոմի պապի այցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները չեն խոչընդոտել Արթիկում կատարվող գործողություններին: Նա նշեց նաև, որ այստեղ կարճաժամկետ միջոցառումներ չէ, որ պետք է իրականացվեն.
«Այստեղի աշխատանքները կարճաժամկետ չեն: Միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ պետք է կատարվեն»,- ասաց Սողոմոնյանը:
Ի դեպ, խոսելով տեղումների պատճառների մասին, նա նշեց. «Հանձնաժողովի անդամներն ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս կխոսեն նաև տեղումների պատճառներից, որտեղ կերևան նաև մեղավորները: Մասնագիտական եզրակացություն է պետք, և մինչև եզրակացությունը սիրողական, ոչ մասնագիտական կարծիքներ կլինեն»:
Սողոմոնյանի խոսքով՝ կառավարության վերջին նիստի ընթացքում հայտարարվել է, որ 42 միլիոն դրամ է հատկացվելու Արթիկի քաղաքացիներին վնասների աջակցության նպատակով, որից 22 միլիոնը` շենք-շինությունները վերականգնելու համար: