կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-20 14:03
Հասարակություն

Հայրենասիրությունս ինձ քացու տակ է գցել. ֆինանսական խնդիրների պատճառով զինծառայողի բուժումը դադարեցվել է

Հայրենասիրությունս ինձ քացու տակ է գցել. ֆինանսական խնդիրների պատճառով զինծառայողի բուժումը դադարեցվել է

Ապրիլյան պատերազմի առաջին վիրավորներից էր Արման Լազգիյանը, նա այս պահին բուժում է ստանում Գերմանիայում:

Այսօր լրագրողների հետ զրույցում Արմանի հայրը` Միքայել Լազգիյանը, նշեց, որ տղայի վիճակը Գերմանիա տեղափոխվելուց հետո բավականին լավացել է, սակայն արդեն 10 օր է` Արմանն ուղղակի պառկած է հիվանդանոցում` ֆինանսական խնդիրների պատճառով բուժումը դադարեցվել է:

«Նրան պետք է վերականգնողական կլինիկա տեղափոխենք, սակայն դրա համար այս պահին 60 000 եվրո է պետք, ինչը, բնականաբար, չունենք: Խնդիրն այն է, որ հիվանդանոցը կանխավ ուզում է ավելի շատ գումար` ասելով, որ եթե հետագայում տղաս կարիք չունենա ինչ-որ վիրահատության, գումարը հետ կվճարեն մեզ: Կուզեի` պետությունն իր վրա վերցներ գոնե այս գործընթացը, որ զանգեին, զգուշացնեին` թող տղաս տեղափոխվի, և ինչ անեն` միայն այդ գումարը փոխանցենք, ոչ թե կանխավ միանգամից 60 000 եվրո վճարենք»,- ասաց Լազգիյանը:

Նա նշեց նաև, որ հարցի կապակցությամբ նախորդ շաբաթ` հինգշաբթի օրը, արդեն իսկ դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և դեռ սպասում է պատասխանի:

Լազգիյանը հայտնեց նաև, որ վիրավորված է պետությունից, քանի որ մինչ օրս պետությունը ոչինչ չի արել տղայի համար, և ինչ արվել է` միայն անհատների շնորհիվ:

«Ես պետությունից փող էլ չեմ ուզում, բայց գոնե իրավական ու թղթաբանական, բարոյական աջակցություն կարող են ցուցաբերել: Հայրենասիրությունս ինձ քացու տակ է գցել, և ես չգիտեմ` ինչ անել, բայց վստահ եմ` եթե Արմանը չբուժվի էլ Գերմանիայում, միևնույն է, վերադառնալու է հայրենիք: Արմանը փախչող չէ: Այնպես չէ, որ մենք չգիտեինք, որ պատերազմ է լինելու, քանի որ Ալիևի` միլիոններով գնած զենքը մի օր կրակելու էր»,- ասաց նա:

Ըստ Լազգիյանի` վերջին օրերին պետությունը կարծես սկսել է իր դեմ գործել, քանի որ երբ հանրային վայրերում փորձում են Արմանի բուժման համար դրամահավաք անել, խոչընդոտում են կամավորների աշխատանքին:

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ փաստացի ստացվում է այնպես, որ պետությունը զինվորի կողքին չէ, քանի որ պետությունն անգամ «Էրեբունի» հիվանդանոցին չի փոխանցել Արմանի բուժման համար պետպատվերի գումարը` պատճառաբանելով, որ հիվանդանոցից դիմում չի ստացել: «Առողջապահության նախարարությունն էլ ցույց տվեց, որ դրսից մասնագետներ է հրավիրել, որպեսզի հետազոտեն մեր տղաներին և ասեն` հնարավո՞ր է դուրս տեղափոխեն նրանց, թե՞ ոչ: Բայց դա արվեց միայն այն բանի համար, որ պաշտոնապես ուղղակի հայտարարեն` Հայաստանում հնարավոր է բուժումն իրականացնել: Տղաներին չեն ուզում դուրս տեղափոխել` «բալը թանկ է» պատճառաբանությամբ: Այս պահին Կենտրոնական զինվորական հոսպիտալում երկու զինծառայող կա, որոնց նույնպես պետք է տեղափոխեն արտերկիր` բուժման համար, բայց շարժ չկա, լռում են այդ մասին»,- ասաց Բախշյանը:

Ի դեպ, Արման Լազգիյանի անունով բացվել է հաշվեհամար:

AMD Arman Lazgiyan 217-006-057517-001
MIDLAM22

RUB Arman Lazgiyan 006-057517-103
MIDLAM22

EUR Arman Lazgiyan 006-057517-102 
MIDLAM22

USD Arman Lazgiyan 006-057517-101
MIDLAM22