կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-13 22:56
Հասարակություն

Եվրոպայի օր. տոնը շրջեց ողջ Հայաստանով

Եվրոպայի օր. տոնը շրջեց ողջ Հայաստանով

Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում տեղի են ունեցել մայիսի 14-ից հունիսի 5-ը: Եվրոպայի օր 2016-ին անցկացվել է Հայաստանի 5 քաղաքներում՝ Վանաձորում, Գյումրիում, Գավառում, Գորիսում, Կապանում, և ամփոփվել են հունիսի 5-ին մայրաքաղաք Երևանում:

 Հայաստանում Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունները ներառում են տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվում են ԵՄ-Հայաստան սերտ համագործակցությունն ու գործընկերությունը և եվրոպական մշակույթի բազմազանությունը:

Վանաձորում, Գյումրիում, Գավառում, Գորիսում և Կապանում  անցկացվել են բացօթյա համերգներ: Մարզեր կատարած այցելությունների շրջանակում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպումներ է ունեցել մարզերի, համայքների ղեկավարների հետ, քննարկվել են Եվրոպական միության ծրագրերը մարզեր տանելու և Հայաստանի համայնքների համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականությունը:

 Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, Եվրոպայի օրվա շրջանակներում Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստան էր հրավիրել եվրոպացի արվեստագետների, ովքեր իրենց փորձն ու գիտելիքները կիսեցին հայ երիտասարդների հետ, ստեղծեցին երկխոսության հարթակ, որը նոր կապերի ու համագործակցության հիմք դարձավ:

Մայիսի 17-19-ը Հայաստանում էր ռումինացի պարուսույց Միրչա Էքսարկուն, ով Ռումինիայի ամենաերիտասարդ պարուսույցներից է: Առաջին տեսական դասընթացից հետո Միրչան ընտրել է գործնական դասընթացի մասնակիցներին, ովքեր էլ նրա հետ միասին պար են բեմադրել, որը ցուցադրվել է հունիսի 5-ին: «Միասին մենք պատրաստում ենք շատ զվարճալի, ֆլեշ մոբինման պար, որին կմասնակցի 22-25 հոգի: Հույս ունեմ, որ նրանց դուր կգա վերջնական արդյունքը: Ես արդեն մտքումս տեսնում եմայն ամբողջությամբ: Ես կսովորեցնեմ իմ վարպետության դասերի մասնակիցներին պարային տարրերը, բայց հետո ամեն ինչկախված է լինելու հենց նրանցից: Գիտեք՝ պարը հզոր և ունիվերսալ լեզու է», - ասել է Միրչան:

Եվրոպայի օր 2016-ին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել նաև սթրիթ արտի՝ Միլանում ճանաչված արտիստ Աթոմո Դավիդե Թինելլին: Երիտասարդները միացել են Աթոմոյին, իմացել ավելին փողոցային արվեստի պատմության, դրա տեսակների ու ձևերի մասին, ինչպես Կարապի լճի շրջակայքում Աթոմոյի հետ միասին հետաքրքիր փորձարկումներ են արել ու նկարազարդել են լուսավորման սյուները:

 Հունիսի 4-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին հյուրեր էր ընդունում Արամ Խաչատրյան համերգասրահում։ Դեսպանը Գյումրիի, Վանաձորի, Աշտարակի, Աբովյանի, Սևանի, Արտաշատի և Երևանի երաժշտական դպրոցների ավելի քան 500 աշակերտի հրավիրել էր ունկնդրելու Եվրոպայի օրվան նվիրված համերգը, հանդիպելու իր հետ ու կիսելու երաժշտության հանդեպ ունեցած սերը։ Համերգին մասնակցել են նաև ՀՀ պետական պաշտոնյաներ, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Համերգի բացումն արել է դեսպան Սվիտալսկին:

«Այս տարի մենք տոնում ենք Եվրոպայի օրը «ԵՄ-ն երիտասարդության համար» կարգախոսի ներքո։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ են հավաքվել երեխաներ ողջ Հայաստանից: Այսօր նրանք մեր պատվավոր հյուրերն են։ Այս երեկոն առանձնահատուկ է, քանի որ հայ երեխաները կատարելու են եվրոպական ստեղծագործություններ։ Հիանալի համադրություն է, այնպես չէ՞»,-նշել է դեսպանը։

Հունիսի 5-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունները մեկնարկել են ԵՄ պատվիրակության ղեկավարի և ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ շուրջ 100 հայ երիտասարդների հանդիպումով: Հանդիպումը ոչ ֆորմալ բնույթ էր կրում. երիտասարդները հարցեր էին ուղղում ու ճաշում ԵՄ դեսպանների հետ: «Ինչպես տեսնում եք, մենք այստեղ ենք մեր ամուր եվրոպական ընտանիքով: Մենք ուզում ենք ցույց տալ, որ Եվրոպան շատ թափանցիկ է, մենք ցանկանում ենք պատմել ձեզ, թե ինչ ենք մենք անում, ինչպես ենք մենք և ԵՄ անդամ երկրներն աշխատում Հայաստանում», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հանդիպումից հետո ԵՄ դեսպանները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ այցելել են Հյուսիսային պողոտա, որտեղ տեղի է ունեցել Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսը:

Միջոցառումները անցկացվել են «Եվրոպական միությունը Հայաստանի երիտասարդների համար» կարգախոսի ներքո:Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում ներկայացված էին Եվրոպական միության կողմից Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերից հատկապես նրանք, որոնք ուղղված են երիտասարդներին,  օգնում են նրանց սովորել Եվրոպական լավագույն համալսարաններում, բարելավել մասնագիտական կարողությունները, հիմնել սեփական բիզնեսը և շատ ավելին: «Սա շատ լավ հնարավորություն է իմանալու, թե Եվրոպական միությունն ու ԵՄ անդամ պետություններն ինչ ծրագրեր են իրականացնում Հայաստանում։ Այստեղ մենք ունենք 41 տաղավար, որոնք ներկայացնում են տարբեր ծրագրեր։ ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ դոնորն է: Մենք յուրաքանչյուր տարի ծախսում ենք 50 միլիոն եվրո Հայաստանի զարգացման և այստեղ նոր հնարավորություններ ստեղծելու համար։ Այցելելով տաղավարներ՝ դուք կտեսնեք, թե ինչ լայն է մեր գործողությունների շրջանակը», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկատվական ցուցահանդեսի բացման ելույթում։

Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում ամփոփվել են բացօթյա համերգով, որը տեղի է ունեցել Ազատության հրապարակում: Ելույթ են ունեցել երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Իսպանիայից: Երեկոյի գլխավոր հյուրը իսպանացի հայտնի երգչուհի Լարա Թեյլորն էր:

Այս տարի Հայաստանի 6 քաղաքներում Եվրոպայի օրվա միջոցառումների ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել մասնակցելու Եվրոպական միության պատվիրակության կողմից անցկացվող վիկտորինային, իմանալու ավելին Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին ու ստանալու հիանալի մրցանակներ: Առաջին տեղը զբաղեցնող մասնակիցները ստացել են գլխավոր մրցանակը՝ ԱրմԹաբ: Մրցանակներ են ստացել նաև երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող մասնակիցները:

 Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակում հայտարարվել էր նաև «Եվրոպան երիտասարդության համար, երիտասարդությունը` Եվրոպայի» թեմայով էսսեների մրցույթ, որին մասնակցել Հայաստանի Հանրապետության 16-25 տարեկան քաղաքացիները: Էսսեների այս մրցույթի նպատակն էր լսել գործնական առաջարկներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի Եվրոպայում, ինչպես նաև Հայաստանում  մեծացնել երիտասարդների դերը: Հաղթող էսսեի հեղինակն էր Գայանե Ավդալյանը, ով իր հայկական հեռադիտակից ուսումնասիրում էր եվրոպական արժեքները: Նա ևս ստացել է ԱրմԹաբ։

ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչություն