Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆուտբոլային աշխարհի ողջ ուշադրությունն այս օրերին կենտրոնացած է Իտալիայի Միլան քաղաքի վրա, որտեղ այսօր տեղի է ունենալու եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի` ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: Այսօր Մադրիդը բաժանվելու է 2 մասի: Պատվավոր գավաթը վիճարկելու են իսպանական քաղաքը ներկայացնող երկու թիմերը` «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն:
«Ռեալ»-ի համար միլանյան եզրափակիչը ՉԼ մրցաշարում 14-րդն է: Արքայական թիմը պատվավոր գավաթը նվաճել է 10 անգամ:
Ի տարբերություն համաքաղաքացիների, «Ատլետիկո»-ն դեռևս չի հաղթել ՉԼ մրցաշարում: Այսօր հաղթելու դեպքում Սիմեոնեի թիմը կդառնա 23-րդ ակումբը, որը նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:
Չեմպիոնների լիգայի պատմության մեջ 2-րդ անգամ եզրափակիչում հանդիպելու են նույն քաղաքը ներկայացնող 2 ակումբները: Հատկանշական է, որ առաջին անգամ նույնպես այս երկու թիմերն են խաղացել եզրափակիչում. 2 տարի առաջ լիսաբոնյան եզրափակիչը պարզապես խելահեղ ստացվեց:
Դիեգո Սիմիոնեի թիմը հաղթում էր 1:0 հաշվով, սակայն մրցավարի ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին Սերխիո Ռամոսը հավասարեցրեց հաշիվը, իսկ արդեն լրացուցիչ ժամանակում արքայական թիմը քարուքանդ արեց մրցակցին: Արդյունքում «Ռեալ»-ը հաղթեց 4:1 հաշվով, և պատմության մեջ 10-րդ անգամ դարձավ ՉԼ հաղթող:
«Ռեալ»-ն «Ատլետիկո»-ին հաղթել է նաև ՉԼ 2014/15. մրցաշրջանում: «Վիսենտե Կալդերոնում» 0:0 հաշիվը գրանցվեց, իսկ սեփական հարկի տակ «Ռեալ»-ը միայն հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ կարողացավ հաղթական գոլ խփել: 88-րդ րոպեին աչքի ընկավ Խավիեր Էրնանդեսը:
Արդեն հայտնի է «Ռեալ»-ի հայտացուցակը: «Սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը եզրափակիչ խաղի համար հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանես:
Պաշտպաններ՝ Ռաֆայել Վարան, Պեպե, Սերխիո Ռամոս, Նաչո, Մարսելո, Դանի Կարվախալ, Ալվարո Արբելոա, Դանիլո:
Կիսապաշտպաններ՝ Տոնի Կրոս, Խամես Ռոդրիգես, Գարեթ Բեյլ, Կազեմիրո, Մատեո Կովաչիչ, Լուկա Մոդրիչ, Իսկո:
Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա, Լուկաս Վասկես, Խեսե:
Բուքմեյքերներն այս խաղում փոքր-ինչ առավելություն են տալիս «Ռեալ»-ին, որի հաղթանակի շանսերը գնահատվում է 2,6 գործակցով: Ոչ-ոքին գնահատվել է 3, իսկ «Ատլետիկո»-ի հաղթանակը 3,2 գործակցով:
Հիշեցնենք, որ եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: