Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կանխատեսվում էր, որ հզոր ցիկլոնը հանրապետության տարածքին մոտենալու է մայիսի 23-ին և ուղեկցվելու է ամպրոպով, կարկտով, հորդառատ տեղումներով, քամու ուժգնացմամբ. այսօր լրագրողներին ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` անդրադառնալով երեկ հանրապետության ողջ տարածքում գրանցված ուժեղ քամուն ու ամպրոպին:
«Ըստ կանխատեսումների` քամու ուժգնացումը Երևանի համար 17-20 մ/վ. արագությամբ պետք է լիներ, բայց առավելագույն պոռթկումը եղավ 25 մ/վ.: Քամու այս տեսակը մեր գիտության մեջ կոչվում է փոթորկանք կամ շկվալ, որը շարժվում է ուղղահայաց և հորիզոնական առանցքների հատման կետերում ու շատ հաճախ վերածվում պտտահողմի, որը մեզ համար անտեսանելի է: Քաղաքի առանձին հատվածներում, երբ տանիքները պոկվեցին, ծառերն ընկան, օդում եղել են պտտական շարժումներ, և հենց դրա հետևանքով էլ եղել են նման ավերածություններ: Պետք է ասեմ, որ ամենամեծ պոռթկումը Երևանում գրանցվել է Դավթաշենի հատվածում`25-26 մ/վ., Աշտարակի շրջանում, և բավականին ուժեղ քամի է գրանցվել Գավառի Սարուխան գյուղում»,- ասաց Սուրենյանը:
Ըստ նրա` երեկ հանրապետության մի շարք գյուղերում տեղացել է կարկուտ: «Մեր հակակարկտային 458 կայանքներից կատարվել է 174710 կրակոց, սակայն կարկուտը, միևնույն է, տեղացել է: Պատճառն այն է, որ պրոցեսը գերհզոր էր»:
Սուրենյանի խոսքով`այսօր հանարապետության տարածքը շարունակում է գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, որը մեր տարածք է թափանցել Սև ծովից: «Ներկա պահին հանրապետության ողջ տարածքում ամպրոպային գործունեություն է, հորդառատ տեղումներ, առանձին հատվածներում` նաև կարկուտ: Ցիկլոնի ամբողջ ուժը կպահպանվի ողջ օրվա ընթացքում: Վաղը լուսադեմին ցիկլոնը կլքի մեր երկրի տարածքը, և եղանակը բավականին կկայունանա: Ողջ օրվա ընթացքում կլինի կայուն եղանակ, բայց արդեն երեկոյան ժամերին` անձրև»,- ասաց նա:
Սուրենյանը հայտնեց նաև, որ մեր հանրապետության տարածքին նոր ցիկլոն է մոտենում: «Մայիսի 26-30-ին հանրապետության տարածքին Միջերկրական ծովից կրկին մոտենում ցիկլոն, բայց այս պրոցեսի առանձնահատկությունը կլինի այն, որ նշված օրերին օրվա մեծ մասը կլինի արևառատ, տաք եղանակ, և միայն երեկոյան ժամերին երկրի ողջ տարածքում սպասվում են անձրևներ, ամպրոպ, քամու ուժգնացում, առանձին հատվածներում բավականին մեծ է կարկտահարման վտանգը: Նշված բոլոր օրերին մեր երկիրը գտնվլեու է կարկտավտանգ պրոցեսի ազդեցություն տակ»,- ասաց նա:
Սուրենյանը հավելեց, որ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրիում: «Գյումրիում ձևավորվել էր ամպային կույտ, և եթե երկու- երեք տոկոս զարգացում ունենար, կձևավորվեր տորնադո»,- հայտնեց նա: