Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Մարտակերտի ճանապարհին ռմբակոծության է ենթարկվել Սիսիանի ջոկատի ավտոբուսը: Տարբեր տեղեկությունների համաձայն` զոհերի թիվը հասնում է 6-8-ի: Զոհվածների թվում են նաև Դարբասի գյուղապետ Մայիս Միրզոյանը, Ախլաթյան գյուղի գյուղապետ` 43-ամյա Արմեն Բեգլարյանը:
Ախլաթյանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Գևորգյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երեկ իրենք մի քանի գյուղացիներով գնացել են Սիսիանի զինվորական կոմիսարիատ, որտեղ էլ տարբեր տվյալներ են հաղորդել դեպքի մասին:
«Ասում էին` իբրև իրենք վիլիսի մեջ են եղել երեկ, հետո ասացին, որ անօդաչու սարքով է խփվել կամավորներին տանող մեքենան: Հետո էլ պարզվեց, որ ավտոբուս է եղել, թե ի՞նչ տիպի ավտոբուս է եղել, ու ովքե՞ր են եղել ավտոբուսում, չգիտենք: Ասացին, որ ութ մահացած կա, որոնցից մեկը ղափանցի ա, յոթը` սիսիանցի: Հետո լրատվամիջոցների կողմից տեղեկացանք, որ հինգ հոգի է մահացել, հետո ավելի ուշ ժամի հաղորդվեց, որ զոհերի թիվը հասել է 7-ի»,- ասաց նա:
Գյուղապետարանի աշխատակիցը պատմեց նաև, որ իրենք կոնկրետ տվյալներ չունեն, թե ովքեր են մահացածներին ու վիրավորներին տարածքից հանել: «Գյուղապետի մարմինը դեռ գյուղ չեն բերել, սպասում ենք, ջահելները գյուղի կենտրոնում սպասում են: Ասում են` Գորիսում են դեռ: Սպասում ենք, որ դիմավորենք: Երևի երկրապահների ու ոստիկանների կողմից է այդ տեղափոխությունն իրականացվում»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց. «Մեր գյուղապետը 1973 թիվ էր, ամուսնացած չէր: Մենք անընդհատ ասում էինք` ամուսնացի, ինքն էլ ասում էր, որ հաստատ 2016 թվականին պետք է ամուսնանա, էն էլ էդ դեպքն եղավ: Նա ապրում էր 90-ամյա մոր հետ»: