|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Առայժմ որևէ պաշտոնական տեղեկություն չկա շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում գերիների, պատանդների և անհայտ կորածների վերաբերյալ, քանի որ դեռ ընթանում են ակտիվ ռազմական գործողություններ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Նա նշեց, որ անհայտ կորածների, ռազմագերիների, պատանդների վերաբերյալ ավելի ստույգ տեղեկություններ կլինեն ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո: «Ընթացիկ տվյալներ կան, որոնք ստույգ չեն և հրապարակման ենթակա չեն, բայց ակտիվ գործողությունների ավարտից հետո կարող ենք գոնե որոշակի ամբողջական տվյալներ ունենալ և հրապարակել»,- ասաց Կապրիելյանը:
Նշենք, որ Հայաստանի Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և նույն հարցերով զբաղվող ադրբեջանական համապատասխան գերատեսչության հարաբերությունները խզված են 2008 թվականից` ադրբեջանական կողմի մեղքով:
«Մենք ոչ մի տարի չենք դադարեցրել բանակցությունները վերսկսելու փորձերը: Մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ և ոչ մի օր չենք դադարել կատարել մեր գործողությունները և գնալ մարդկային ճակատագրերի հետքերով: Նույնիսկ ներկայիս լարված, ռազմական դրության պայմաններում, մենք ուշադրության կենտրոնում ենք պահում նաև 90-ականների հակամարտության տարիներին անհայտ կորածներին»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը նույնպես հետևում է շփման գծում տեղի ունեցող իրավիճակին: «Այս պահին վաղ է խոսել կոնկրետ գործողությունների մասին, քանի որ մեր գործընկերներն աշխատում են` հասկանալու և գնահատելու համար տվյալ պահի կարիքները, դրանից հետո միայն կարող ենք ասել` որտեղ ինչ կարող ենք անել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ իրենք պետք է իրենց գործողությունները համաձայնեցնեն իշխանությունների հետ:
Հիշեցնենք, որ երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն էր տարածել և իր մտահոգությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ 2016 թվականի ապրիլի 2-ին իրավիճակի խիստ վատթարացման վերաբերյալ: «Մենք պատրաստ ենք աջակցել եւ սատարել հակամարտության վերջին լարվածության հետեւանքով տուժած անձանց եւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,- ասել է ԿԽՄԿ տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Պատրիկ Վիալը:
«Հակամարտության բոլոր կողմերը պարտավորություն են կրում հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն` կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական բնակչության եւ շինությունների պաշտպանվածությունը», - ավելացրել է Վիալը: