կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-17 11:27
Քաղաքական

ԱԺ-ում ՀԿ-ների վերաբերյալ լսումներ են ընթանում

ԱԺ-ում ՀԿ-ների վերաբերյալ լսումներ են ընթանում

Այսօր ԱԺ-ում լսումներ են ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշեց, որ նախագծում մի քանի դրական բաներ կան, օրինակ՝ ՀԿ-ների գրանցման դյուրություն, կամավորների ներգրավում, սահմանափակ թվով անդամներ ունեցող ՀԿ-ների ստեղծման հնարավորություն, որը կարևոր է գիտական աշխատանքով զբաղվող ՀԿ-ների համար:

Էլինար Վարդանյանի կարծիքով՝ կարևոր է նաև այն փոփոխությունը, որ ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, քանի որ շատ ՀԿ-ներ ունեն ֆինանսական խնդիրներ, և դրանով լուծվում են այդ խնդիրերը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքի փոփոխությունը, նշեց, որ պատրաստ է այսօր լսել բոլոր շահագրգիռ կողմերին: Հիմնական փոփոխությունները ներկայացնելով` նախարարը ևս նշեց ՀԿ-ների առցանց գրանցման դյուրությունը, ՀԿ-ների` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, վիճահարույց համարվող՝ ՀԿ-ների հաշվետվողականության հարցը, թե որտեղից է գալիս տվյալ ՀԿ-ի ֆինանսնավորումը՝ պետակա՞ն, թե՞ ոչ պետական կազմակերպություններից:

«Սուր եզրերը հարթած նախագիծ է ներկայացված ձեր քննարկմանը: Որպես ՀԿ-ների զարգացման օրենսդրական բարեփոխումների ծրագիր` մեզ համար սա կարևոր նախագիծ է, որովհետև ՀԿ-ների պատշաճ գործունեության ապահովումը պետության գերակայություններից է: Ես պատրաստ եմ լսել յուրաքանչյուր մտահոգություն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: