կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-29 15:22
Հասարակություն

Դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվելու են քայլեր գրիպի երկրորդ ալիքը կանխարգելելու ուղղությամբ

Դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվելու են քայլեր գրիպի երկրորդ ալիքը կանխարգելելու ուղղությամբ

Այսօր առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը լրագրողներին ներկայացրեց սուր շնչառական հիվանդությունների հետ կապված իրավիճակը հանրապետությունում: Նա նշեց, որ սուր շնչառական հիվանդությունները, մասնավորապես` H1N1 վիրուսով հիվանդության տարածում է նկատվում աշխարհի մի շարք երկրներում, Ռուսաստանի գրեթե բոլոր մարզերում վիրուսի տարածում է արձանագրվել, եղել են բազմաթիվ մահեր:

Ինչ վերաբերում է Հայաստանին, նա նշեց, որ հանրապետությունում արձանագրվել են բավական լուրջ հաջողություններ, սուր շնչառական հիվանդությունների գագաթնակետն արձանագրվեց հունվարի 17-18-ը, որից հետո նկատվեց նվազում: Արտավազդ Վանյանը նշեց բոլոր այն քայլերը, որոնք իրականացրել է առողջապահության նախարարությունը, վստահություն հայտնելով, որ եթե այդ կանխարգելիչ քայլերը չարվեին, ապա իրավիճակն այդքան բարվոք չէր գնահատվի:

«Բայց դա չի նշանակում, որ գրիպը հաղթահարվել է, մենք պետք է շարունակենք զգոն լինել»,- ասաց Վանյանը:

Նա դրական գնահատեց դպրոցական և նախադպրոցական արձակուրդների երկաձգման որոշումը, որը նպաստեց հիվանդության մարմանը: Եվ պետք է զգոն լինել, որ դպրոցական և նախադպրոցական հաստատություններում գրիպի երկրորդ ալիք չլինի, դրա համար նախևառաջ պետք է պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմն այդ հաստատություններում:

Դպրոցներում նաև կսկսեն գործել համաճարակային ֆիլտրներ, որոնք բոլոր դպրոցականներին հսկողության տակ կառնեն, այսինքն` ովքեր ջերմություն կունենան կամ սուր շնչառական հիվանդության նախանշաններ, նրանց տուն կուղարկեն: Նաև դպրոցներում ժամանակավորապես չեն իրականացվի ֆիզիկական կուլտուրայի դասեր, չեն գործի բուֆետները: