կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-26 13:35
Իրավական

Պարտապան կա` 40 միլիոնի ակտ ունի. ԴԱՀԿ պետն ապշեցնող թվեր է ներկայացնում

Պարտապան կա` 40 միլիոնի ակտ ունի. ԴԱՀԿ պետն ապշեցնող թվեր է ներկայացնում

Այսօր Yerkir.am-ի լրագրողը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանից հետաքրքրվեց` արդյո՞ք նախորդ տարվա ընթացքում ինքը և իրեն ուղեկցող մեքենաների վարորդները կատարել են վարչական իրավախախտումներ, եթե` այո, որքա՞ն է կազմել տուգանքների չափը, արդյո՞ք եղել է դեպք, որ խնդիրը հարկադիր կատարման հասնի:

«Իհարկե, եղել են վճարներ, պարզապես թվերին չեմ տիրապետում: Կարող եք իմ մամուլի քարտուղարից հետաքրքրվել, նա մանրամասն կներկայացնի: Ես էլ եմ վարորդ, հասկանո՞ւմ եք, ես էլ կարող եմ սխալվել: Բնականաբար, շատ է եղել, բայց խնդիրը ԴԱՀԿ-ին չի հասել»,- ասաց նա:

ԴԱՀԿ պետի խոսքով՝ 2015-ին ԴԱՀԿ-ում հարուցված 893 հազար կատարողական վարույթից 660 հազարը վերաբերել են վարչական իրավախախտումներին:

Լրագրողների այն դիտարկմանը, թե, փաստորեն, միջինը  գրեթե յուրաքանչյուր չափահաս քաղաքացու մեկ կատարողական վարույթ է բաժին ընկնում, Պողոսյանն արձագանքեց. «Այսօր մենք պարտապան ունենք, որն ունի 2000-3000 ակտ: Չի կարելի ասել, որ ամեն մեկին մեկ ակտ է հասնում: 893 հազարը, օրինակ, կարող է 1000 հոգու ակտ լինել: Այսօր պարտապան կա, որն ունի հազարից ավելի վարչական ակտ»:

Հարցին` արդյո՞ք ողջ է նման ծավալի ակտ ունեցող պարտապանը, արդյո՞ք դեռ չի արտագաղթել կամ ինքնասպան եղել, ԴԱՀԿ պետը պատասխանեց. «Այսօր պարտապան կա, որ 40 մլն դրամի վարչական ակտ ունի: Եկեք հասկանանք մի բան. դուք շատ լավ գիտեք, որ շատ  վարչական ակտերը գալիս են այն ընկերություններից, որոնք, օրինակ, տաքսի մեքենաներ ունեն և այլն, միայն անձանց մասին չէ խոսքը»,- ասաց նա:

Մեր մյուս հարցին, թե արդյո՞ք արդեն գնվել են ԴԱՀԿ ծառայողների համար նախատեսված մեքենաները, և արդյո՞ք հարկադիր ծառայողները հասցնում են ժամանակին կատարել իրենց գործառույթները, Պողոսյանը պատասխանեց. «Մեքենաներն ավելացնելու պահանջ կար, որովհետև մենք մարզերում խնդիրներ ունենք. կատարողական վարույթների քանակն աճել էր, մեր մարզերի բաժիններին էին անհրաժեշտ այդ մեքենաները: Մեքենաները ձեռք են բերվելու ԴԱՀԿ-ի զարգացման ֆոնդից»: