Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին:
Ըստ պետդեպի պաշտոնական կայքէջի՝ Քիրբին ասել է. «Մենք կարծում ենք, որ հանդիպումը նախագահներին լավ հնարավորություն տվեց առաջին անգամ մեկ տարվա ընթացքում դեմ առ դեմ հանդիպել և հստակեցնել իրենց դիրքորոշումները: Նախագահներն ընդունեցին, որ իրավիճակը վատթարացել է, և մտահոգություն հայտնեցին քաղաքացիական զոհերի համար, որոնք եղել են ծանր զինտեխնիկայի օգտագործման պատճառով: Նախագահների խնդրանքով՝ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատել լարվածության վտանգները նվազեցնելու առաջարկների վրա: Համանախագահները նաև պատրաստում են նախագահների մեկ այլ հանդիպում` մյուս տարի կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար: Որպես համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ն հաստատակամորեն շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերին»:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք պետդեպը հավանություն է տալիս այն առաջարկին, որ շփման գծում պետք է կրակի արձակման վայրը ֆիքսող հատուկ համակարգեր տեղադրվեն, պետդեպի ներկայացուցիչը պատասխանել է, որ վերջերս պետդեպը պաշտոնապես ողջունել է այս առաջարկը։
«Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր մյուս գործընկերների հետ շարունակում է ակտիվ քննարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակները: Մենք կարծում ենք, որ լարվածությունը նվազեցնելու մեկ այլ միջոց են ժողովուրդ-ժողովուրդ շփումները, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև: Հայերն ու ադրբեջանցիները մի քանի սերունդներ շարունակ իրար կողքի են ապրում, և մենք հավատում ենք, որ խաղաղության հասնելու համար նրանք պետք է դարձյալ վստահեն միմյանց»,- ասել է Քիրբին: