Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոս Անջելեսում հայ և քուրդ երիտասարդները բողոցի ցույց են անցկացրել Թուրքիայի հյուպատոսարանի առջև՝ դատապարտելով Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դեմ շարունակվող հալածանքներն ու Անկարայի որդեգրած ծայրահեղական քաղաքականությունը:
Ըստ Asbarez-ի՝ քրդական «Ռոժավա» զորակցության մարմնի և Հայ Յեղափոխական Դաշնակցության համատեղ ջանքերով կազմակերպված ցույցի ընթացքում հատկապես դատապարտվել է մարդու իրավունքների քուրդ պաշտպան Թահիր Էլչիի սպանությունը: Երիտասարդները Էլչիի սպանությունը համեմատել են «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ:
«Բոլորս Հրա՛նտ ենք», «Բոլորս Էլչի՛ ենք» և «Բոլորս այստեղ ենք» վանկարկող ցուցարարները պարզել են Հրանտ Դինքի, 2011 թվականի ապրիլ 24-ին Թուրքիայի բանակում սպանված Սևակ Բալըքչըի, Թահիր Էլչիի եւ Թուրքիայի իշխանության այլ զոհերի լուսանկարները և մեկ վայրկյան լռությամբ հարգել նրանց հիշատակը:
Ցուցարարները նաև հիշեցրել են Թուրքիայում ներդրումներ չանելու կոչ անող #DivestTurkey արշավի մասին՝ նշելով, որ Անկարան շարունակում է նեցուկ կանգնել ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին:
Հիշեցնենք, որ Կանադայի Հայ դատի հանձնախումբը դիմել էր Թուրքիայի կառավարությանը` կոչ անելով անհապաղ թափանցիկ ու արդար հետաքննություն սկսել Տիգրանակերտում իրավաբանների միության նախագահ Թահիր Էլչիի սպանության գործով: