Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում մինչև վերջին տարիները քրդական ինքնության մասին բարձրաձայնելը շատ թանկ էր նստում դա անողի վրա: Օրինակ` մալաթիացի հայտնի քուրդ երգիչ Ահմեդ Քայան 1999 թվականին մրցանակաբաշխության ժամանակ հպարտությամբ հայտարարեց, որ ինքը քուրդ է և շուտով կթողարկի իր՝ քրդերենով սկավառակը, ինչի համար աքսորվեց Ֆրանսիա, իսկ 2000 թվականին հանկարծակի մահացավ՝ իբր հայրենի Մալաթիայի կարոտից:
Ի դեպ, Ահմեդ Քայայի կինը՝ Գյուլթեն Քայան, այժմ ակտիվ գործունեություն է ծավալում հօգուտ Թուրքիայի հայ համայնքի: Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի հետ նա մասնակցում է հայկական գրեթե բոլոր միջոցառումներին, ներկա գտնվում Դինքի սպանության բացահայտման համար կազմակերպված միջոցառումներին, բողոքի ցույցերին:
Քայայի մահը մինչ օրս մնում է առեղծվածային: Թեև ուշացած՝ նրա մահից հետո Թուրքիայում շատերն սկսել են կատարել նրա երգերը, խոսել նրա մասին, և, զարմանալիորեն, մարդիկ, ովքեր ժամանակին, բառի բուն իմաստով, քարկոծում էին նրան (քրդերեն երգելու համար Քայայի վրա ելույթներից մեկից հետո ներկաները պատառաքաղներ էին նետել), սկսել են գովերգել երգչին, ներկա լինել նրա հիշատակին նվիրված երեկույթներին...
Վերջերս` Քայայի մահից 15 տարի անց, թուրքական բոլոր ԶԼՄ-ները մեծատառեր վերնագրերով տեղադրել են Ահմեդ Քայայի՝ 30 տարի առաջ թողարկված «Ցավերից կառչել» և աշխարահռչակ բրիտանացի երգչուհի Ադելի նոր՝ « Million Years Ago» երգերի միջև նմանության մասին լուրը: Քուրդ երգչի արվեստին «տեր կանգնող» թուրքական կայքերն այնքան են տարվել, որ չեն վարանել Ադելին անգամ «գրագողության» մեջ մեղադրել:
Թուրք լրագրող Ջենգիզ Սեմերջիօղլուն էլ այսօրվա իր սյունակում Ադելի մասին նոր «բացահայտում» է արել: «Դու մի ասա, Ադելը հորական կողմից թուրք է»,- գրել է նա՝ նշելով, թե ինքն «այդ մասին սեփական ականջներով է լսել» 2009 թվականին Ադելի հետ Հոլանդայում արված հարցազրույցի ընթացքում:
«Խոսելով իր ավելորդ քաշի մասին՝ Ադելը խոստովանեց, որ այն ժառանգել է հորից, նաև ասաց, որ իր ընտանիքն ունի թուրքական, իսպանական և անգլիական ծագում, սակայն, քանի որ հարցազրույց վարողը չխորացավ երգչուհու այս հայտարարության մեջ, Ադելի՝ թուրք լինելու մասին խոսակցությունը այսքանով եզրափակվեց»,- գրել է թուրք լրագրողը՝ նշելով, որ միջազգային թերթերը ևս անտարբեր չեն մնացել այս լուրերի նկատմամբ: «Independent և Daily Mail-ը հայտնեցին, որ երգչուհին լռություն է պահպանում»,- ասել է Սեմերջիօղլուն՝ հույս հայտնելով, որ Ադելը շուտով «կպարզաբանի» այս հարցը:
Բոլորիս հայտնի է, որ թուրքերը բնազդորեն բոլորի և ամեն ինչի մեջ թուրքական հետքեր են փնտրում, սակայն, այն, թե անգլիացի Ադելը որոշել է լսել քուրդ երգիչ Ահմեդ Քայայի երգը (որին թուրքերը հանկարծակի որոշեցին տեր կանգնել), դեռ ավելին՝ գողանալ այն, տրամաբանությանը մոտ չէ, սակայն ոչ՝ անհնար: Համենայն դեպս, եթե անգամ նմանություն կա, թուրքերը նո՞ր են հիշում, որ 2009 թվականին Ադելը թուրքական ծագման մասին հայտարարություն է արել:
Ստորև ներկայացնում ներկայացնում ենք երկու կատարումները:
Արազ Գայմագամյան