կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-09 12:25
Իրավական

Սողոմոնը դարձավ դատաիրավական համակարգի անտարբերության զոհը

Սողոմոնը դարձավ դատաիրավական համակարգի անտարբերության զոհը

Երկու շաբաթ ազատության մեջ ապրած (հիվանդանոցում) նախկին ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի հոգեհանգստի օրը դեռևս հայտնի չէ: Սողոմոնի մոր խոսքով՝ վերջին օրերին որդին սուր ցավեր է ունեցել,  նրան անընդհատ ցավազրկողներ են ներարկել: Սողոմոնը ցանկություն է հայտնել, որ իրեն զինվորական հագուստով հուղարկավորեն:

Yerkir.am-ի հետ զրույցում լրագրող Զարուհի Մեջլումյանը, ով իր ներդրումն ունի Քոչարյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման գործում, պատմեց նրա հետ վերջին հանդիպման մասին: «Մեկ շաբաթ առաջ էր, Սողոմոնի փաստաբանի՝ Գրիշա Բալասանյանի հետ այցելել էինք հիվանդանոց: Նրան ցավազրկող էին ներարկել, բավականին հանգիստ էր, զրուցում էր մեզ հետ, տարբեր բաներից էր պատմում՝ մանկության, պատերազմի տարիներից, ընտանիքի, կնոջ հետ իր ծանոթության մասին: Մտքերով անընդհատ դստեր ու կնոջ հետ էր, նրա խոսքերում մեծ կարոտ կար, ընտանիքի՝ չվայելած քաղցրություն… Զգում էր, որ ուշ է, չի ապրելու, բայց, միևնույն ժամանակ, ապագայի հետ կապված ծրագրեր ուներ, ուզում էր ծառայել, գնալ սահման, բայց…»,- պատմեց լրագրողը:

Զարուհի Մեջլումյանի խոսքով՝ Սողոմոնը դարձավ պետության, մասնավորապես՝ դատաիրավական համակարգի անտարբերության զոհը: Ըստ նրա՝ եթե Սողոմոնի խնդիրը չբարձրացվեր, նա կմահանար բանտում, և դա շարքային դեպք կլիներ: «Մի ամբողջ ընտանիք կործանվեց, բայց մարդը կարող էր ավելի վաղ հայտնվել ազատության մեջ (խմբ. նրա ազատազրկումից մի քանի տարի անց ծանր հիվանդությունից մահացել էր կինը, մեկ տարի առաջ՝ 18 տարեկանում ինքնասպանություն էր գործել նրա միակ դուստրը): Սողոմոնի դեպքը ցույց տվեց, թե ինչքան կախյալ է դատական համակարգը»,- ասաց լրագրողը:

Մեջլումյանը նշեց, որ ինքը հետամուտ է լինելու, որպեսզի Սողոմոնի գործով բացահայտումները շարունակվեն: «Նրա դեմ հարուցված քրեական գործում դեռ շատ մութ էջեր կան, որոնք բացահայտման կարիք ունեն»,- նշեց նա: