կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-06 14:49
Հասարակություն

Նվազել են գիտության, կրթության, մշակույթի ու սպորտի ոլորտներին 2016-ի բյուջեով ընդհանուր տրված հատկացումները

Նվազել են գիտության, կրթության, մշակույթի ու սպորտի ոլորտներին 2016-ի բյուջեով ընդհանուր տրված հատկացումները

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում են «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտները և ծախսերը գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում:

Հիմնական զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ այս ոլորտներին, ընդհանուր առմամբ, 2016 թ. պետական բյուջեի նախագծով կհատկացվի 26.238.5 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա համեմատ, նվազել է, քանի որ նախորդ տարի այն կազմել է 28.282.0 մլն դրամ: Նրա խոսքով՝ նվազումը պայմանավորված է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացում» ծրագրի ավարտմամբ:

«Կրթության ոլորտին այս տարի կտրամադրվի 131.939.4 մլն դրամ, և ծախսերը 2015 թ. պետական բյուջեի նկատմամբ աճել են 6.423.5 մլն դրամով կամ 5.1 տոկոսով: Հանրակրթության ոլորտում, որի գծով 2016 թվականին նախատեսվել է հատկացնել 76.702.4 մլն դրամ, կա ծախսերի աճ, որը նախորդ տարվա համեմատ, կազմում է 2.319.6 մլն դրամ: «Ներառական կրթություն» ծրագրի գծով նախատեսվել է 3108.2 մլն դրամ: Հատուկ կրթության և մասնագիտացված հանրակրթական ուսուցման գծով նախատեսվել է հատկացնել 5659.6 մլն դրամ»,- ներկայացրեց փոխնախարարը:

Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ գիտության ոլորտի համար 2016 թվականի պետական բյուջեի նախագծով կհատկացվի շուրջ 14313.8 մլն դրամ: Փոխնախարարը թվարկեց նաև հանգստին, մշակույթին և կրոնին հատկացվելիք գումարները: «Հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառի՝ 2016 թ. պետական բյուջեի նախագծով հատկացումները կազմում են 26.238.5 մլն դրամ` 2015 թ. 28.282.0 մլն դրամի դիմաց: Նվազումը պայմանավորված է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացում» ծրագրի ավարտմամբ: Պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերը կազմում են 1.421.0 մլն դրամ: Հանգստի և սպորտի ծառայությունների համար նախատեսում ենք տրամադրել 1.838.5 մլն դրամ: Մշակութային ծառայությունների համար 2016 թ. նախատեսված է 13.627.4 մլն դրամ հատկացնել»,- շարունակեց նա:

Ֆինանսների փոխնախարարը խոսեց նաև ռադիո- և հեռուստահաղորդումների հեռարձակման ու հրատարակչական ծառայություններին հատկացվելիք գումարների մասին և տեղեկացրեց, որ այս տարի ոլորտին կտրամադրվի 8.631.5 մլն դրամ, իսկ 2015 թվականին տրամադրված է եղել 8.748.4 մլն դրամ: «Հեռուստառադիոհաղորդումների գծով 2016 թ. նախատեսված է տրամադրել 7.107.9 մլն դրամ: Հրատարակչությունների, խմբագրությունների գծով այս տարի կհատկացվի 1.135.3 մլն դրամ: Տեղեկատվության ձեռք բերման գծով 2016 թվականին նախատեսված են 388.3 մլն դրամ հատկացումներ: Իսկ կրոնական և հասարակական այլ ծառայությունների գծով 2016 թ. նախատեսված է հատկացնել 1.123.1 մլն դրամ: Երիտասարդական ծրագրերի իրականացման համար 2016 թ. նախատեսված է տրամադրել 827.4 մլն դրամ: Քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին, ազգային փոքրամասնություններին աջակցության նպատակով 2016 թվականին կհատկացվի 295.7 մլն դրամ, որը նախորդ տարվանից չի տարբերվում»,- եզրափակեց նա: