կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-03 11:12
Հասարակություն

Թանկարժեք կահույք՝ տնտեսական վատ տարի կանխատեսող կառավարության համար

Թանկարժեք կահույք՝ տնտեսական վատ տարի կանխատեսող կառավարության համար

Այսօր ԱԺ հանձնաժողովների նիստում, ուր քննարկվում էր կառավարության ներկայացրած՝ 2016թ. բյուջեի նախագիծը, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին: Նրան հետաքրքրում էին կառավարության մի շարք ծախսեր, որոնք, ըստ նրա, նախորդ տարվա բյուջեով արտացոլված չեն եղել:

«Դուք ասել եք` գտեք տեղ, որտեղ տնտեսման հնարավորություն կա: Անցած տարվա զեկույցում մեզ չի ներկայացվել, որ կառավարությունում եղել են մի շարք ծախսեր, էդ ծախսերն ի՞նչ ուղղությամբ են գնացել, որ այստեղ զեկույցի ժամանակ չենք տեսնում, օրինակ` կառավարությունը 98 միլիոն դրամի կահույք է գնել՝ 19 հատ հոլ՝ հատը 720.000 դրամ, 25 հատ բազմակաթոռ՝ հատը 125.000 դրամ, 8 հատ կաշեպատ բազկաթոռ՝ հատը 250.000 դրամ»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ դահլիճի վերանորոգման և խորհրդակցական սենյակների համար ևս բավական մեծ գումարներ են ծախսվել:

Պատգամավորը շեշտեց, որ եթե նախորդ տարի այս ծախսերը բյուջեում արտացոլված լինեին, ապա պատգամավորները կնկատեին ու, գիտակցելով, որ վատ տնտեսական տարի է, կառաջարկեին գումարն ուղղել այլ ուղղությամբ:

«Այսինքն` խորհրդարանի վերահսկողական ֆունկցիան տուժում է: Կա՞ն, արդյոք, առաջարկված բյուջեում նման ծախսեր և անցած տարվանը ո՞ր տողով է գնացել, որ, օրինակ, մեկը ես դա չեմ տեսել»,- հարցրեց Մարուքյանը:

Ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ գույքի ձեռքբերումն ու կապիտալ նորոգումը նախատեսված են եղել բյուջեի նախագծով, իսկ գույքը ձեռք է բերվել միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարության համար:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև ծառայողական մեքենաների քանակով և տեղեկացավ, որ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները սպասարկող ծառայողական մեքենաների թիվը 1072 է: