կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-23 09:41
Իրավական

Ագրարային համալսարանում ուսանող է ձերբակալվել. «Հրապարակ»

Ագրարային համալսարանում ուսանող է ձերբակալվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի, հոկտեմբերի 19-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տարածքում ուսանող է ձերբակալվել։ Համալսարանի աշխատակիցներից տեղեկացանք, որ այդ պահին համալսարանի ռեկտորն անցնելիս է եղել տնտեսագիտական ֆակուլտետի միջանցքով եւ տեսել է, թե ինչպես են ոստիկանները տանում երիտասարդին։ Երբ բուհի ղեկավարը մոտեցել է եւ հարցրել, թե ինչ է կատարվում, ոստիկանները մոտավորապես հետեւյալ պատասխանն են տվել. «Հոպար ջան, գնա քո գործով զբաղվի»։

Երեկ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղեւոնդյանից փորձեցինք ճշտել, թե ինչու են տարել իրենց ուսանողին։ Նա ասաց, որ համալսարանից դուրս ինչ-որ միջադեպ է եղել երկու ուսանողների հետ կապված։ «Մի բան կարող եմ ասել։ Թյուրիմացություն է եղել, մեկը մեր ուսանողներից է եղել, մյուսը՝ ոչ։ Նույն օրը նրանք ազատ են արձակվել»։

Մանրամասների համար դիմեցինք ոստիկանություն։ Այնտեղից հայտնեցին, որ ուսանողներն Ագրարայինի տարածքից բերման են ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով. «Հոկտեմբերի 19-ին, ժամը 11:30-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992թ. ծնված Սմբատ Ա.–ին եւ 1993թ. ծնված Աշոտ Ա.–ին։ Աշոտ Ա.–ի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Նշանակվել են տոքսիկոքիմիական եւ դատաքիմիական փորձաքննություններ։ Կատարվում է հետաքննություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: