Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խնդիրները, որոնք բարձրացվել են ՀՀ նախագահի կողմից, հանրության տարբեր ներկայացուցիչների կողմից ևս անընդհատ բարձրացվում են, դրանք լոկալ բնույթի խնդիրներ են, և դրանց պատասխանատուները` խախտողները, մեր հարևաններն են, իսկ արձագանքողները` մենք. լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ գագաթաժողովում, որին մասնակցում էր նաև ինքը, ՀՀ նախագահի կողմից բարձրացված հարցը, որ Ադրբեջանը ռմբակոծում է ՀՀ խաղաղ բնակավայրերը, արձագանք չունեցավ ՀԱՊԿ գագաթաժողովի ընդունած վերջնական տեքստում:
Նախարարն ընդգծեց, որ, իհարկե, բոլորի ցանկությունն է, որ միջազգային արձագանք լինի այս հարցին: «Բայց ես անձամբ դրան շատ հանգիստ եմ նայում»,- ասաց նա:
Դիտարկմանը` այդ դեպքում ինչո՞ւ է նախագահն անընդհատ բարձրաձայնում այդ մասին, պատասխանեց. «Ես արդեն պատասխանեցի, հիմա նույն բանը կրկնե՞մ»:
Ստացվում է` դաշինքի նշանակությունն այդ դեպքում հարցեր է առաջացնում: Նախարարն այս պնդմանը պատասխանեց. «Դաշինքի նշանակությունն այն է, որ այն նաև անվտանգության խնդիրների համար է պատասխանատու, և վերջին տարիներին ՀՀ ղեկավարությունը, որպես ՀԱՊԿ անդամ, բավական մեծ դերակատարություն է ունեցել ռազմական կոմպոնենտի զարգացման գործում»:
Նա հավելեց, որ, իր կարծիքով, դաշինքն իր գործունեությունը պետք է ծավալի այն գլոբալ խնդիրների դեպքում, երբ առաջանա ՀՀ անվտանգության համակարգի խախտում: «Այս պարագայում մենք գտնում ենք, որ ՀՀ զինված ուժերն ինքնուրույն կարող են իրենց առջև դրված խնդիրը կատարել»,- նշեց նա:
Լրագրողներին հետաքրքրում էր` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ԱՄՆ-ում պայմանավորվածություն ձեռք բերեց ամերիկյան հանձնախումբ տեղակայել` դեպքերի ուսումնասիրության համար, իսկ ՀԱՊԿ-ում խոսվեց ռուսական խաղաղապահների մասին, հակասությո՞ւն չկա, արդյոք, թե՞ մեկը մյուսին հակակշռում է, նախարարը պատասխանեց. «ՀԱՊԿ-ում, ընդհանուր առմամբ, խոսվեց խաղաղապահ ուժերի զարգացման մասին, այնտեղ խոսակցություն չի եղել մեր հակամարտության դեպքում ռուսական զորքերի տեղակայման մասին, և պետք է տեղեկացնեմ, որ հակամարտության միակ գոտին է, որն առանց երրորդ ուժի է. հայկական ստորաբաժանումները, որոնք Արցախի բանակում են, կարողանում են բարձր մարտական ոգու շնորհիվ իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել»:
Նախարարը շեշտեց` բանակցային գործընթացն ուղղված է հակամարտության լուծմանը, ուստի «խաղաղապահ ստորաբաժանումների տեղակայման մասին առայժմ խոսակցություն չի գնում»: