կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-13 10:40
Հասարակություն

Այսօր Խաչվերաց է

Այսօր Խաչվերաց է

Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը:

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեւարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:
Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման  հիշատակը` Խաչվերացը:
Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս  խաչվեց` այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի  գործիք  լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել:

Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:
Շատ տեղեր Խաչվերացըընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր»,- այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվումէ  հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: