Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության ականատես Հայկանուշ Զառացեանը պատմել է, որ Եփրատ հասնելուն պես մի մունետիկ հայտարարել է, թե գումար ունեցողներին նետելու են գետը, իսկ ով չվճարի՝ կկացնահարվի: Նավակների մեջ բոլորին կողոպտել են, հարցներին ու աղջիկներին զատել ու տարել իրենց հետ: Տասը աղջիկ ձեռք ձեռքի տված իրենք իրենց նետել են գետը: Հինգ-վեց տղա երեխա էր մնացել քարավանի մեջ: Թուրքերը նրանց մորթել են, կրակի վրա կարմրացրել, բերել նրանց մայրերին ու ասել՝ համեղ, արդար միս է, համեցեք-կերեք:
Եփրատ հասնելուս մունետիկ մը ելաւ կանչեց թէ փարա տուողը ջուրը պիտի նետուի, փարա չի տուողը կացինով պիտի սպանուի: 100 ոսկի հաւաքեցինք տուինք: Նաւակին մէջ կողոպտեցին, հարսներ, աղջիկներ զատեցին առին։ Տասը աղջիկ ձեռք-ձեռքի տուած, իրենք-զիրենք գետը նետեցին: Մօրէ մերկ եղած` հանեցին մեզ դիմացը: Հինգ-վեց տղայ մնացեր էր. մորթեցին. սաճի վրայ կարմրցուցին, բերին մօրերուն, համեղ միս է, աժան միս է, հրամմեցեք-կերէք կ՚ըսէին։
Եփրատ գետը դիակներով լեցուն էր: Չորս օրէն մեզ Սուրուճ տարին. ճամբան փշոտ, քարուտ. մենք անօթի, ծարաւ, լեզունիս դուրս ձգած քիւրդերէն ջուր կ՚ուզենք, չեն տար: Շատեր մէզերնին կը խմէին, ա՛լ աւելի գէշ կ՚ըլլար. շատ մարդիկ ծարաւութենէ, մարեցան. ինկան. այս ճամբուն վրայ հինգ Ամասիացի ծեծելով սպաննեցին, ութ մարդ ողջ-ողջ թաղեցին: Սուրուճէն ճամբայ դրին մեզ Հալէպ տանելու. Մումպուշի դիմացը Եփրատի մէջ մեծ կղզի մը հանեցին մեզ: Առաջարկեցին որ իրենց կամքովը թրքացողները գիւղերը պիտի տանին տուները բաժնեն. յանձն չառնողները պիտի մնան կղզին:
Աւելի աղէկ սեպեցին հոս անօթի թշուառ մեռնիլ, քան թէ մեր հաւատքը ուրանալ. 15 օրի չափ մնացինք. գիշերները սաստիկ ցուրտ կ՚ընէր. ցորեկները տաք, ուտելիք չի կայ, ունեցողներունը հատաւ, ծախող չի կայ որ դրամ ունեցողները գնեն, կէսէն աւելին հիւանդութիւնով, անօթութիւնով մեռան. շատեր ինքզինքնին ջուրը նետեցին: Մնացածները հանեցին, տարին Այնթապի գիւղերը ցրուեցին: Զըրըմբու ըսուած գիւղին տաճիկները քարկոծեցին մեզ, եւ շատերը քարսպան եղան. երեք աղջիկ ձգեցին հօտի շուներուն առջեւ, յօշոտել-բզըքտել տուին. շատերը բռնաբարեցին եւ բռնի նիքեահ ըրին:
Կ. Գաբիկեան, Եղեռնապատում, փոքուն հայոց և նորին մեծի մայրաքաղաքի Սեբաստիոյ, 1924, Պոսթըն, 604 էջ, էջ 330–331: