Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 13-ին, ժամը 07.20-ին, ոստիկանության Վայքի բաժնում հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «կողերի կոտրվածք` հարցականով և գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Զառիթափ գյուղի բնակիչ, 1951 թ. ծնված Հրահատ Մարգարյանը, ում հարազատները բացատրություն էին տվել, որ վերջինս մարմնական վնասվածքները ստացել է խոտի դեզից վայր ընկնելու հետևանքով, իսկ Հ. Մարգարյանից բացատրություն վերցնել հնարավոր չի եղել` անգիտակից վիճակում լինելու պատճառով:
Օգոստոսի 1-ին Հրահատ Մարգարյանն իրենց տանը մահացել է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 3-ին` Հ.Մարգարյանի հուղարկավորման օրը, օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նրան վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված Աշոտ Ս.-ն:
Բաժին բերման ենթարկված Աշոտ Ս.-ն բացատրություն է տվել, որ հուլիսի 13-ին, ժամը 07.00-ի սահմաններում, իր հարևաններ Հ. Մարգարյանի և նրա որդու` 1978 թ. ծնված Արթուր Մ.-ի հետ, իրեն պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայով գնացել են նրանց հնձած խոտը բերելու: Զառիթափ գյուղից մոտ 200 մ հեռավորության վրա ավտոմեքենան ընկել է ջրափոսը և տեղապտույտի պատճառով ինքը դժվարացել է մեքենան դուրս հանել: Ջրափոսից ելնելու համար Աշոտ Ս.-ն ավտոմեքենան հետ ու առաջ է տվել, իսկ Հրահատ Մարգարյանը թափքի ձախ կողմի հետնամասից փորձել է հրելով օգնել: Ավտոմեքենայի հետ ու առաջ շարժման հետևանքով Հրահատ Մարգարյանը վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ դեպքի իրական հանգամանքները թաքցրել են: Կատարվում է հետաքննություն: