Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի հայկական ակումբային ֆուտբոլում բացառիկ իրադարձություն տեղի ունեցավ. հայկական 4 ակումբներից 3-ը հաղթահարեցին եվրագավաթների որակավորման առաջին փուլերը: Սակայն այս ուրախությունը երկար չտևեց: Հայկական թիմերը «շտապեցին» երկրագուներին հիասթափեցնել 2-րդ փուլի` արդեն իսկ առաջին խաղերում: Մասնավորապես` Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում անփառունակ խաղ ցուցադրելուց հետո 2-րդ փուլում Նորվեգիայի չեմպիոնի հետ խաղում 5 գնդակ բաց թողեց սեփական դարպասը:
Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում Սարգիս Հովսեփյանի թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորե»-ին, որից հետո Հովսեփյանն ասել էր, որ գոհ է թե\' թիմի խաղից, թե\' արդյունքից, և սա պատվերով համերգ չէ, որ իր տղաները 6 գոլ խփեն:
Հայաստանի չեմպիոնը, որի կազմում մեծ մասը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ են, պարտավոր էր «Ֆոլգորե»-ի նման սիրողական թիմին հաղթել մի քանի գնդակի առավելությամբ: Թիմ, որի կազմում հանդես եկող ֆուտբոլիստները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են և ֆուտբոլով զբաղվում են երեկոյան` աշխատանքից հետո:
Այնուամենայնիվ, երևանյան խաղից հետո Հովսեփյանը լրագրողներին հորդորեց թոթափել լարվածությունը, քանի որ թիմը հաղթել է: Մարզիչը նաև վստահեցրեց, որ պատասխան խաղում «Փյունիկ»-ը կհաղթի ավելի խոշոր հաշվով, իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե այսպիսի խաղով «Փյունիկ»-ը շանսեր կունենա՞ «Մոլդե»-ի հետ խաղում, պատասխանեց, թե համոզված է, որ` այո: Սակայն մարզչի այս համոզմունքը հօդս ցնդեց դեռևս առաջին խաղում. «Փյունիկ»-ը պարտվեց 5:0 հաշվով և այսօր Երևանում կանցկացնի պատասխան հանդիպումը, որը ձևական բնույթ է կրում:
Աբրահամ Խաշմանյանի գլխավորած «Ալաշկերտ»-ը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում, թերևս գլխավոր, անակնկալի հեղինակը դարձավ: «Ալաշկերտ»-ը, որը Եվրոպա լիգայի ուղեգիր ձեռք բերեց միայն առաջնության վերջին տուրում, կարողացավ 2 խաղերի արդյունքում գերազանցել Շոտլանդիայի գավաթակիր «Սենթ Ջոնսթոն»-ի արգելքը:
Որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտ»-ը Ալմաթայում 3:0 հաշվով պարտվեց տեղի «Կայրաթ»-ին: Իհարկե, թիմից ավելին չես կարող պահանջել: «Ալաշկերտ»-ն արդեն իսկ արել է այն, ինչին շատերը կամ գուցե ոչ ոք չէր հավատում: Պետք է փաստել, որ նույնիսկ ղազախական թիմի հետ խաղում «Ալաշկերտ»-ը լավ ֆուտբոլ ցուցադրեց, սակայն թիմերի կարգերի տարբերությունը զգացնել տվեց, ինչի արդյունքում գրանցվեց 3:0 հաշիվը: Պատասխան խաղում «Ալաշկերտ»-ն, իհարկե, կարող է հաջողության հասնել, սակայն մտածել հաջորդ փուլ դուրս գալու մասին, կնշանակի կորցնել իրականության զգացումը:
2-րդ փուլի պատասխան խաղից առաջ համեմատաբար լավ վիճակում է գտնվում Գյումրիի «Շիրակ»-ը: Բիչախչյանի թիմն առաջին փուլում, ընդհանուր` 3:2 հաշվով հաղթելով բոսնիական «Զրինսկի»-ին, 2-րդ փուլի առաջին խաղում մրցեց շվեդական ԱԻԿ-ի հետ: Հանդիպումն անցավ կոշտ և կոպիտ պայքարում: «Շիրակ»-ի դարպասին նշանակվեց երկու 11-մետրանոց, որոնցից միայն մեկը տանտերերը կարողացան դիպուկ իրացնել: 2-րդ խաղակեսում «Շիրակ»-ի 3 ֆուտբոլիստներ, կարմիր քարտ ստանալով, լքեցին խաղադաշտը:
Ճիշտ է, գյումրեցիները հանդիպումն ավարտեցին 8 հոգով, և Գյումրիում տեղի ունենալիք խաղին չեն մասնակցի Անդրանիկ Բարիկյանը, Գոռ Մալաքյանն ու Արման Հովհաննիսյանը, սակայն չպետք է մոռանալ, որ «Շիրակ»-ը, հայկական մյուս ակումբների համեմատ, հաջող է հանդես գալիս եվրագավաթներում և անհամեմատ լավ է հանդես գալիս սեփական հարկի տակ` գյումրեցի երկրպագուների աջակցությամբ, որոնց «թասիբով» վանկարկումները, կարծես, իսկապես «թասիբի են գցում» ֆուտբոլիստներին:
Եվ, վերջ ի վերջո, չպետք է մոռանալ, որ Շվեդիայում տեղի ունեցած խաղում շվեդական ակումբն առանձնապես անանցանելի մրցակցի տպավորություն չթողեց:
Հուսանք, որ գյումրեցի երկրպագուների վանկարկած «թասիբը» կօգնի «Շիրակ»-ին` հայկական ակումբային ֆուտբոլում պատմություն կերտել:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ