կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-30 16:38
Հասարակություն

Շտապօգնության մեքենան հասավ երկաթե ճաղավանդակին, ցուցարարները սկսեցին սուլել. Օսիպյան

Շտապօգնության մեքենան հասավ երկաթե ճաղավանդակին, ցուցարարները սկսեցին սուլել. Օսիպյան

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է եղել երեկվա դեպքը՝ կապված շտապօգնության մեքենայի հետ:

«Շտապօգնության մեքենան, վերեւից իջնելով, առաջացավ եւ հասավ մեր եւ ցուցարարների միջեւ տեղադրված երկաթյա ուղեպատնեշներին: Հենց այդ ժամանակ էլ ցուցարարները, տեսնելով շտապօգնության մեքենան, սկսեցին սուլել: Մենք մոտեցանք շտապօգնության մեքենային եւ սկսեցինք բացատրել իրավիճակը, որ` նախ ակնհայտ է, որ ցուցարարները պատրաստակամ չեն բացել ճանապարհը, եւ երկրորդ` որ աղբամաններից ստեղծված պատնեշը բացելը բավականին երկար ժամանակ կխլի: Ո՞ւր գնար շտապօգնության մեքենան, երբ ակտիվիստները տեսան եւ սկսեցին սուլել` ակնհայտ ցույց տալով, որ պատրաստ չեն ճանապարհ բացել: Ես ի՞նչ կարող էի անել»,- հայտարարեց Օսիպյանը եւ հավելեց, որ գիտի, որ այդ կինը մահացել է:

Նա նաեւ վստահեցրեց, որ խնդիրն այդ ճաղավանդակների մեջ չէր: «Եթե մենք թողնող չլինեինք, չէինք թողնի, որ մեքենան այդքան առաջանար, ու երբ տեսանք ցուցարարների արձագանքը, սկսեցինք արագ բացատրել իրավիճակը»:

Դիտարկմանը, թե մեքենայի մեջ եղած մի կին սկսել է բղավել իր վրա, Օսիպյանը պատասխանեց. «Իրավունք ուներ, մարդիկ ասում էին` բացեք, բացեք, բայց ախր մեզանով չէր պայմանավորված իրավիճակը. ցուցարարները սուլում էին, երկու շարքով աղբամաններ էին: Եթե անգամ որեւէ մեկն ինձ վրա բարկացել է, ապա բարկությունը տեղին էր: Ես ինքս էլ լինեի այդ իրավիճակում, իհարկե, կբարկանայի: Ամեն մեկը թող իրեն այդ կնոջ հարազատի տեղը դնի: Պատկերացնո՞ւմ եք` մեկ ուրիշը լիներ այդ կնոջ հարազատի տեղը, կարող էր իջնել եւ անգամ վնաս տալ ցուցարարներին»: