կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-23 13:20
Հասարակություն

Բաղրամյան պողոտայում կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Բաղրամյան պողոտայում կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասնակիցների ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով, զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել և հարուցված քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ և դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրություններ:    

2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը` սկսած   ժամը 19.30-ից տևական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաև  նստացույց  կազմակերպելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ  խափանել են հասարակական տրանսպորտի  երթևեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը`  դրանով իսկ  դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը:

Նկատի ունենալով, որ նկարագրվածի պայմաններում առկա է քրեական գործ հարուցելու օրինական  առիթը և հիմքը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության` խուլիգանության  հանցակազմի հատկանիշների առերևույթ առկայության մասին բավարար տվյալներ, ուստի 22.06.2015թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ  քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

22.06.2015թ. քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե`  նախաքննություն կատարելու համար:

Դեպքերի մասնակիցների ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով, զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել և քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ և դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրություններ:

Քննչական կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ` բաղկացած 20 քննիչներից:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանցից ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից  հարցաքննվել է շուրջ 40 անձ, մի շարք անձանց հարցաքննություններ ընթացքի մեջ են:

Նշանակվել են դատաբժշկական, նյութագիտական և քրեագիտական փորձաքննություններ:

Կատարվել է հարցում Երևանի քաղաքապետարան, օպերատիվ հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանության բաժիններին և Երևան քաղաքի վարչությանը:

Նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում:

ՀՀ դատախազություն