կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-08 15:45
Իրավական

Ասում են՝ շուրջ 1 տոննա հերոինը ոչնչացրել են

Ասում են՝  շուրջ 1 տոննա հերոինը ոչնչացրել են

Մոտ մեկուկես տարի առաջ` 2014 թվականի հունվարի 17-ին, ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը Մեղրիի մաքսակետում հայտնաբերել է 928 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց, ինչն, ըստ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլև` տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ մոտ 1 տոննա հերոինը փորձ է արվել փոխադրել բեռնատարի միջոցով, ինչի նկատմամբ դեռևս 2013-ի դեկտեմբերի 27-ից էր հսկողություն սահմանվել նախաբացթողումային հսկողության վարչության կողմից, երբ տարանցիկ փոխադրմամբ Վրաստանից Իրան այդ մեքենայով փայտանյութ էին տեղափոխել: Վահրամ Գուրողլյանի խոսքով` հենց այդ ժամանակ էլ Բագրատաշենի սահմանային անցակետում «Rapiskan» ռենտգեն համակարգով մեքենան զննման ենթարկելուց հետո ռենտգեն պատկերն ուղարկվել է նախաբացթողումային հսկողության վարչություն` վերլուծություն և ռիսկային գնահատում կատարելու:

Համապատասխան վերլուծությունից հետո բեռնատարի պատկերը գնահատվել է ռիսկային և վերցվել հսկողության տակ: Վարչության աշխատանքներին կասկածանքի հիմք էր տվել նաև այն հանգամանքը, որ փայտանյութը կիսով չափ է բեռնված, և մեքենայի կցորդի խցիկը սառնարանային է: Եվ մինչ բեռնատարը կհատեր հայ-իրանական սահմանը, ռենտգեն պատկերն անմիջապես ուղարկվել է Մեղրիի մաքսակետ, որպեսզի մեքենայի սահմանահատման ժամանակ նույնպես ռենտգեն պատկերների համեմատություն կատարվի:

2013-ի դեկտեմբերի 28-ին փայտանյութ տեղափոխող մեքենան հատել է հայ-իրանական սահմանը, իսկ շուրջ 20 օր հետո` 2014-ի հունվարի 16-ին, ժամը 17-ի սահմաններում հսկողության վերցված «DAF» մակնիշի բեռնատարը, արդեն դատարկ վիճակում, մուտք է գործել Մեղրիի մաքսակետ, որտեղ «Rapiskan» համակարգով կրկին զննման է ենթարկվել, և ռենտգեն պատկերը կրկին ուղարկվել է նախաբացթողումային հսկողության վարչություն:

«Համադրելով այդ 3 ռենտգեն պատկերները, պարզվել է, որ բեռնատարի կցորդի հատակային մասում իսկապես առկա է օտար մարմին: Մաքսանենգության կասկածանքով անմիջապես որոշում եմ կայացրել բեռնատարն ուժեղացված մաքսային հսկողության պայմաններում Մեղրիից տեղափոխել Երևան և «Ալյանս Տերմինալ» մաքսային պահեստում նախաբացթողումային հսկողության շրջանակում ենթարկել առավել մանրակրկիտ զննության: Արդյունքում, ինչպես արդեն գիտեք, 2014-ի հունվարի 17-ին` ժամը 19-ի սահմաններում, բեռնատարին ամրակցված կցորդի հատակային մասում հայտնաբերված հատուկ հարմարեցված թաքստոցներից դուրս է բերվել «հերոին» տեսակի թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ»,- տեղեկացրել է նախաբացթողումային հսկողության վարչության պետը:

ՀՀ վերաքննիչ դատարանի` 20.05.2015թ. որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «հերոին» տեսակի թմրամիջոցը ենթակա է ոչնչացման: Այն այրման միջոցով ոչնչացվել է հունիսի 6-ին Արարատի ցեմենտի գործարանի վառարանում:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին