կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-28 11:28
Տարածաշրջան

Սիրիայի նախագահը բարձր է գնահատել սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը

Սիրիայի նախագահը բարձր է գնահատել սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը

Մայիսի 27-ին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ- Ասադի հետ հանդիպմամբ մեկնարկեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սիրիա.տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:


Նախագահ Բաշար ալ-Ասադը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցը Սիրիա, այն կարևոր համարեց՝ միաժամանակ, բարձր գնահատելով Սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ իր այցը կայանում է սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում՝ նշելով, որ սիրիացի բարեկամ ժողովրդի դժվարությունները կիսում է նաև սիրիահայությունը:

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Սիրիայի Նախագահն ասաց. «100 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Ցավոք, այսօր պատմությունը կրկնվում է. հայ ժողովրդի կրած տառապանքներին այսօր բախվում է սիրիացի ժողովուրդը»։

 

Էդվարդ Նալբանդյանը, խորհրդանշանական համարելով իր այցը Սիրիա 2015թ., նշեց. «100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացվեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը, իսկ սիրիական անապատները դարձան Ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի վերջին հանգրվանը։ Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին սիրիացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց, նրանց համար Սիրիան դարձավ ապաստան և երկրորդ հայրենիք»։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ինչի վկայությունն են այսօր ահաբեկիչների կողմից իրականացվող դաժան ոճրագործությունները։

 

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց այս տարվա ապրիլին՝ Երևանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին սիրիական բարձր մակարդակի պատվիրակության ներկայության համար, ինչը հայ ժողովրդի հետ սիրիացի ժողովրդի համերաշխության դրսևորումն է:

 

Սիրիայի Նախագահը և Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ։

 

Զրուցակիցներն անդրադարձան Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց սիրիահայ համայնքի և Սիրիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։ Սիրիայի Նախագահն ընդգծեց, որ երկրում քրիստոնյաների ներկայությունը կարևոր է հանդուրժողականության և բազմազանության տեսանկյունից։ Նախագահ Ասադը, արժևորելով հայ համայնքի ներդրումը Սիրիայի զարգացման և երկրում կայունության ապահովման գործում, խնդրեց նաև իր բարեմաղթանքները և հարգանքի հավաստիքը փոխանցել սիրիահայ համայնքին, որոնց ներկայացուցիչների հետ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց օրվա երկրորդ կեսին։

 

Սիրիայի Նախագահը խնդրեց իր ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։

 

Նույն օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմ-ին:

 

Շնորհակալություն հայտնելով Սիրիա այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը խորապես մտահոգված է Սիրիայում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհերով և արհավիրքներով։

 

Սիրիայում ճգնաժամի կարգավորման և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի քննարկման համատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ճգնաժամի հաղթահարումը, խաղաղության հաստատումը հնարավոր են բռնությունների դադարեցման, բոլոր շահագրգիռ կողմերի, բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող կառուցողական երկխոսության միջոցով:

 

Այս համատեքստում Սիրիայի արտգործնախարարը արժևորեց ընդդիմության հետ Մոսկվայում անցկացված բանակցությունները։

 

Նախարարներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին։

 

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը և Վալիդ ալ-Մուալլեմը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։

 

Այցի օրակարգում էր Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Սիրիայի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ:

Նախարար Նալբանդյանն արժևորեց Սիրիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության մասնակցությունը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ կարևորելով խորհրդարանականների դերը՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման գործում:

 

Հանդիպմանը քննարկվեցին Սիրիայում իրավիճակի կայունացմանն առնչվող խնդիրներ։

 

Սիրիայի խորհրդարանի նախագահը ներկայացրեց ճգնաժամի հաղթահարման, ներազգային համերաշխության հասնելու ուղղությամբ խորհրդարանի գործունեությունը, այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները։

 

Այս առումով նախարար Նալբանդյանը նշեց. «Հայաստանը ցանկանում է, որ բարեկամ Սիրիան շուտ հաղթահարի դժվարությունները և վերադառնա բնականոն կյանքին, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»։

 

Զրուցակիցներն անդրադարձան միջխորհրդարանական համագործակցությանը։ Այդ համատեքստում Սիրիայի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների ուշադրությունը Սիրիայում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ և կարևորեց հաջորդ ամիս նախատեսվող հայաստանյան խորհրդարանական պատվիրակության այցելությունը Դամասկոս:

 

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դամասկոսի և Սիրիայի տարբեր շրջաններից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայ Առաքելական, Կաթողիկե և Բողոքական եկեղեցիների առաջնորդներին։

 

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Դամասկոսում ունեցած իր հանդիպումների մանրամասները և հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում սիրիահայության խնդիրները, ինչի վկայություններից է, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը արդեն մի քանի տարի է միակ գործող օտարերկրյա ներկայացուցչությունն է Հալեպում։

 

«Հայաստանն իր բոլոր հնարավորություններով սիրիահայության կողքին է և իր կարողությունների սահմաններում շարունակելու է աջակցել նրանց ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սիրիայում», - շեշտեց արտգործնախարար Նալբանդյանը։

 

Հայ համայնքի ներկայացուցիչները իրենց ելույթներում երախտագիտություն հայտնեցին Սիրիա այցելելու համար՝ այն բնորոշելով որպես սիրիահայության հետ համերաշխության և ծանր վիճակում հայտնված հայրենակիցներին աջակցությության դրսևորում։ Սիրիահայերը կարևորեցին Դամասկոսում Հայաստանի դեսպանության և Հալեպում գլխավոր հյուպատոսության ակտիվ գործունեությունը։

 

Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց սիրիահայությանը հուզող բազմաթիվ հարցերի։