կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 12:21
Իրավական

Ծանր հանցագործության դեպքով ևս մեկին մեղադրանք է առաջադրվել

Ծանր հանցագործության դեպքով ևս մեկին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Արմեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա և եղբայրը «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակային հատվածում վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ:

 

Ծագած վիճաբանության ընթացքում Արմեն Ս.-ն և եղբայրը, տևական ժամանակ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և հասարակության նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, մի շարք կողմնակի քաղաքացիների ներկայությամբ բարձրաձայն հայհոյել են բժշկին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքով հարվածել են նրան, իսկ եղբայրը՝ Արման Ս.-ն, իր մոտ եղած զենքով՝ գազային ատրճանակով, կրակել է բժշկի դեմքին՝ պատճառելով այրվածքների տեսքով մարմնական վնասվածքներ:

 

Ասենք, որ նույն գործով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք էր առաջադրվել նաև Արման Ս.-ին` հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Հիշյալ գիտական կենտրոնի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը ստուգվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից:

 

Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

Ասենք, որ հիշյալ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված նոր քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ լիազորությունների չարաշահման արդյունքում քննությանը խոչընդոտելու մեջ մեղադրվող ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Հայկ Ավագյանի (հիշյալ խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարման ժամանակաշրջանում նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: