կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-13 19:57
Հասարակություն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների օրերին կգործի 3 թեժ գիծ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների օրերին կգործի 3 թեժ գիծ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն են ժամանում մեծաթիվ հյուրեր` տարբեր երկրների պաշտոնական պատվիրակություններ, բազմաթիվ սփյուռքահայեր։


Աշխատանքներ են տարվում այդ օրերին և հատկապես նախատեսվող բազմամարդ միջոցառումների ժամանակ  բժշկական օգնությունը և սպասարկումը բարձր մակարդակով  և արագ կազմակերպելու համար:

 

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ 

 

 Գործընթացը կկարգավորվի ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների  ընթացքում բնակչության և Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց առաջնային, շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումն արագ կազմակերպելու նպատակով շտապ բժշկական օգնության, պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայությունների հերթապահություններ սահմանելու մասին»  հրամանով։ 


Այդ օրերին հերթապահություններ կսահմանվեն նաև նախարարությունում, որտեղից կհամակարգվեն բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները, բազմամարդ յուրաքանչյուր միջոցառումներից հետո կամփոփվեն իրականացված աշխատանքները։ Կուժեղացվի թեժ գծի ծառայությունը։ Գործող (+374 10) 52-88-72   հեռախոսահամարին կավելանան ևս երկուսը` (+374 10) 56-23-63 և (+374 10) 56-27-83։

 

Անհրաժեշտության դեպքում զանգերին կպատասխանեն նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով։ 

 

Նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ասել է, որ աշխատանքներն այդ օրերին  այնպես են համակարգվելու, որ թե՛ բազմամարդ միջոցառումների ընթացքում հերթապահություններ ապահովվեն,  թե՛ չտուժի բնակչության բժշկական սպասարկումը։  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված միջոցառումների ընթացքում շտապ բժշկական օգնության, պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայությունների հերթապահություններում կընդգրկվեն նաև Արմավիրի մարզի բժշկական կազմակերպությունները։

 

Ապրիլի 23-ին, 24-ին և 25-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկականերում կապահովվեն ընդհանուր պրակտիկայի բժշկի, վիրաբույժի, ռետնգենաբանի և լաբորատոր ծառայության բժշկի հերթապահություններ:


Նախարարի հրամանով այդ օրերին հերթապահություններ կսահմանվեն նաև  պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող Երևանում գործող հիվանդանոցներում։


«Բարձր պատրաստվածության, որոշակի մասնագետներով հերթապահությունների, անհրաժեշտ դեղերով, պարագաներով  ապահովվածության և կազմակերպական հարցերը չորեքշաբթի օրը կքննարկենք այս հիվանդանոցների տնօրենների հետ»,-ասել է նախարարը` կարևորելով նշված օրերին բաժանմունքներում ազատ մահճակալների առկայությունը,  լաբորատոր-գործիքային ծառայությունների շուրջօրյա ապահովումը։


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով փոխնախարարներին տրվեցին առանձին ծառայությունների համակարգման հանձնարարականներ։