կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-20 17:35
Քաղաքական

ԲՀԿ-ն հետեւում է Ուրիխանյանին

ԲՀԿ-ն հետեւում է Ուրիխանյանին

ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մայիսի 2-ին «Քաղաքացիական շտաբ»-ի հիմնադիր համագումարի անցկացման համար Մարզահամերգային համալիրի դահլիճը վարձակալելու հայտ է ներկայացրել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Ուրիխանյանը:

 

«Ընդամենը կարող եմ ասել, որ հայտ եմ ներկայացրել` դահլիճը վարձակալելու համար»,- ասաց պատգամավորը:

 

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը չէր մասնակցել օրերս տեղի ունեցած` ԲՀԿ խմբակցության նիստին:

 

Ի՞նչ է այս ամենը նշանակում, արդյոք Ուրիխանյանը հեռանո՞ւմ է ԲՀԿ-ից, և ի՞նչ հետևություններ կարելի է անել այս ամենից: Այս հարցերն ուղղեցինք ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանին: «Ես կարող եմ ընդամենը ասել, որ մենք ուշադրությամբ հետևում ենք Տիգրան Ուրիխանյանի հետագա քայլերին և գործողություններին, և վստահ եղեք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ճիշտ պահին արձագանքելու է և կհայտնի իր որոշման մասին»,- ասաց նա:

 

Բաբայանը նշեց, որ այս պահին իրենք դեռևս հետևում են Ուրիխանյանի քայլերին:  «Ի՞նչ որոշման մասին է խոսքը» հարցին, նա պատասխանեց. «Դե, ինչ քայլեր արվեն, այդ քայլերի վերաբերյալ էլ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, որովհետև այս պահին լիազորված չեմ կուսակցության անունից ավելին ասել»:

 

Մեր այն դիտարկմանը, թե, Տիգրան Ուրիխանյանի գործողություններին հետևելով, կարելի՞ է արդյոք ասել, որ նա պատրաստվում է հեռանալ ԲՀԿ-ից և առանձին քաղաքական գործունեություն ծավալալել, Վահան Բաբայանը պատասխանեց. «Ճիշտն ասած, հետևելով Տիգրան Ուրիխանյանի հայտարարություններին և հետևելով վերջին հրապարակմանը, որ որոշակի քաղաքական-հասարակական այլ գործունեության ծավալման հայտ է ներկայացվում, բնականաբար, մենք պետք է քննարկենք և վստահեցնում եմ, որ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի այդ հարցի վերաբերյալ»: