կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-10 17:43
Քաղաքական

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Եվրամիության դեսպանների հետ

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Եվրամիության դեսպանների հետ

Այսօր, Հայաստանում Եվրամիության պատվիրակության նախաձեռնությամբ, ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը հանդիպեցին Հայաստանում հավատարմագրված Եվրամիության դեսպանների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Իտալիայի, Հունաստանի, Չեխիայի և Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանորդները։

 

Հանդիպման հյուրընկալը՝ Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ընդգծելով նման ձևաչափով քաղաքական հանդիպումների ու քննարկումների կարևորությունը, խոսքը փոխանցեց ՀՅԴ ներկայացուցիչներին` ներկայացնելու ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումների առնչությամբ ՀՅԴ պատկերացումներն ու ծրագրերը։

 

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, էական դիտելով եվրոպական չափանիշներով պետության կառուցման հեռանկարը, ընդգծելով կուսակցության ծրագրային փաստաթղթերում ամրագրված` եվրոպական արժեհամակարգի նկատմամբ ՀՅԴ հավատարմությունը, ներկայացրեց ՀՅԴ գործունեության հիմնական ուղղություններն ու ընթացիկ ժամանակահատվածի առաջնահերթությունները։

 

Սահմանադրական բարեփոխումների ՀՅԴ հայեցակարգի մի շարք դրույթների անդրադարձավ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ կարևորելով այս ուղղությամբ պառլամենտական կառավարման` եվրոպական երկրների փորձը, ինչպես նաև Վենետիկի հանձնախմբի փորձագիտական եզրակացությունը Մայր օրենքի առաջիկա մշակման փուլում։

 

Լիլիթ Գալստյանն անդրադարձավ Եվրամիության հետ գործընկերության շարունակման խնդրին՝ առանձնացնելով գործակցության այնպիսի բաղադրիչներ, որոնք կնպաստեն երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու գործընթացների խորացմանը։

 

Եվրամիության մի շարք դեսպանների առանձնապես հետաքրքրում էր սոցիալական ու քաղաքական համախոհության այն մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ապահովել Սահմանադրության բարոյական լեգիտիմությունը, համոզչությունն ու նպաստել դրա գործադրմանը։ Դեսպանների հետաքրքրության շրջանակում էին նաև ներքաղաքական վերջին դեպքերի համատեքստում ՀՅԴ ունեցած դերակատարությունն ու իշխանության հետ հետագա գործակցության ձևաչափին առնչվող հարցեր։

 

ՀՅԴ ԳՄ Մամուլի դիվան 10.03.15