կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-20 11:00
Մշակույթ

Թորոս Ազատյանի ֆոնդում պահպանվող թանգարանային առարկաների մի մասը հանձնվեց Մատենադարանին

Թորոս Ազատյանի ֆոնդում պահպանվող թանգարանային առարկաների մի մասը հանձնվեց Մատենադարանին

ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ մշակույթի նախարարության Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին ամրակցված 99 թանգարանային առարկաներ հետ են վերցվել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրվել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին: Խոսքը վերաբերում է պոլսահայ բանասեր, գրող Թորոս Ազատյանի հավաքածուի` օսմաներեն, թուրքերեն, պարսկերեն և արաբերեն մի շարք ձեռագրերի, ինչպես նաև հայ միջնադարյան բժշկագիտությանն առնչվող` 18-19-րդ դարերում կատարված ընդօրինակություններին ու ձեռագիր բառարաններին, որոնք տարիներ շարունակ դուրս են մնացել գիտական շրջանառությունից:

 

Հավաքածուի մի մասը վատ վիճակում է և անհապաղ վերականգնման կարիք ունի, ինչը կարելի է իրականացնել միջնադարյան ձեռագրերի պահպանության և վերականգնման լիարժեք պայմաններ ունեցող Մատենադարանում: Ավելի վաղ Թորոս Ազատյանի հավաքածուի հայկական ձեռագրերը փոխանցվել են Մատենադարանին, որտեղ հնարավոր է ցուցանմուշների պատշաճ պահպանությունը, ուսումնասիրությունն ու հանրահռչակումը:

 

Նույն որոշմամբ` Մատենադարանի տնօրենին առաջարկվել է 2015-ից 2025-ը` ներառյալ, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ կնքել թանգարանային առարկաների վերականգնման պայմանագիր` սահմանելով, որ յուրաքանչյուր տարի իրականացվի համատեղ դիտանցում և Չարենցի անվան թանգարանում վերականգնման ենթակա առանձնապես արժեքավոր համարվող թանգարանային առարկաների քանակի ամրագրում: