կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-19 15:14
Տնտեսական

Աբովյան փողոցի առանցքով` դեպի Աբովյանի պուրակ, կառուցվելու է «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցային համալիրը

Աբովյան փողոցի առանցքով` դեպի Աբովյանի պուրակ, կառուցվելու է  «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցային համալիրը

Այսօր կառավարությունը հաստատեց  մի որոշում, համաձայն որի` հաշվի առնելով «Երևան Ջուր» ՓԲԸ  համաձայնությունը, Երևանի Աբովյան պուրակ  հասցեի շուրջ 1.7 հա հողամասում գտնվող, ՀՀ  սեփականությունը հանդիսացող, «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 909.4 քառ. մետր մակերեսով ջրամբարը և 164.3 քառ. մետր օժանդակ շինությունները հետ են վերցվում  և տրվում Երևանի քաղաքային համայնքին:


Գույքի օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Երևան քաղաքում՝ Աբովյան պուրակ (վերին ՕԿՋ) հասցեի հողամասում նոր ջրամբարի և ջրային տնտեսության ենթակառուցվածքների, ինչպես նաև դրանց սպասարկման համար անհրաժեշտ ինժեներական կոմունիկացիաների (այսուհետ` Շինություն) կառուցման կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:


Աբովյան փողոցի առանցքով, դեպի հյուսիս Աբովյանի պուրակին հարող հողատարածքում գտնվող՝ ք. Երևան, Աբովյան պուրակ (ներքին ՕԿՋ) հասցեի 4500 խոր.մետր ջրամբարը և ջրային տնտեսության ենթակառուցվածքները, ինչպես նաև դրանց սպասարկմանն անհրաժեշտ կոմունիկացիաներ կառուցվել են նախորդ դարի 60-ական թվականներին: Ջրամբարի վերջին վերանորոգումը կատարվել է 1981 թվականին և այն գտնվում է ոչ բարվոք վիճակում:


Երևանի քաղաքապետարանի և Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի կառավարության միջև համաձայնեցված` առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական և հումանիտար համագործակցության ծրագրի համաձայն` նշված կողմերը ձեռք են բերել համաձայնություն գործող օրենսդրության համաձայն օժանդակել միմյանց` Սանկտ Պետերբուրգ քաղաքում «Երևան», իսկ Երևան քաղաքում «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցների ստեղծմանը:


Երևանում «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցի շինարարութան համար առաջարկվել է Աբովյան փողոցի առանցքով, դեպի հյուսիս Աբովյանի պուրակին հարող մոտ 0.83 հա հողատարածքը: Նախագծի ընդունման արդյունքում Երևանում կկառուցվի ժամանակակից տեխնոլոգիաներով և նոր տեխնիկական լուծումներով հագեցած նոր ջրամբար:

 

Հիմնական զեկուցող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ 50 միլիոն եվրո է ներդրվելու այդ ծրագրի իրականացման համար:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց Տարոն Մարգարյանին, թե ե՞րբ է նախատեսվում այդ հյուրանոցային համալիրի կառուցման սկիզբը: Տարոն Մարգարյանը նշեց, որ դա պարզ կլինի, երբ ապրիլին Սանկտ Պետերբուրգի համապատասխան ներդրողների հետ կբանակցեն: