Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ երեկ ՀՅ Դաշնակցության Գերագույն Մարմինը իր մոտեցումները, ծրագրերը, երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ դիրքորոշումները ներկայացնելու, բացատրելու, ճշտելու նպատակով հանդիպել է շուրջ քսան հայտնի մտավորականների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը:
Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ, ընդհանրապես, այսօրվա մեր պետական կյանքի ամենաբացակա կողմը կարելի է համարել մտքի, մտավորականության բացակայությունը:
«19-րդ դարից, երբ եվրոպական պետությունները ստանում էին իրենց պետական դիմագիծը, պետության տեսաբանները, օրինակ` մեծագույն գիտնական Յակոբ Բուրկհարդտը, կարծում էր, որ պետությունը մշակութաբանական, ինտելեկտուալ հասկացություն չէ: Այդպես չէ` պետությունը մշակութաբանական, ինտելեկտուալ հասկացություն է: Այսօր մեր կյանքում միտքն ու պետությունը, մշակույթն ու պետությունը, մշակույթն ու կուսակցական գործունեությունն իրարից զատվել են»,- ասաց Հակոբ Մովսեսը:
Ըստ նրա` ցավոք, պետության մեջ ոչ միայն միտքը հաշվի չի առնվում, այլև պետությունը տրվել է մտքից ու մշակույթից զուրկ մարդկանց ձեռքը: Մտավորականի կարծիքով` պետությունն ընկել է պլեբեյների ձեռքը, և նրանք` խուժանը, դատողություն է անում հայ ժողովրդի ճակատագրի մասին, թե հայ ժողովուրդն ում լծի տակ պետք է ապրի:
«Պլեբեյները դատողություն են անում բարոյականության մասին: Երբ նրա ձեռքը պոռնոգրաֆիական գիրք են տալիս, առանց հասկանալու` ինչ է ձեռքին` պոռնոգրաֆիան է գովազդ անում: Սա մեր կյանքի ամենադժվար, ամենացավալի կողմն է, որը մեզ հասցրել է այս օրվան: Դաշնակցության քայլն այդ իմաստով համարում եմ շատ կարևոր` կուսակցության դիրքորոշումների մեջ մտավոր ներարկումներ անելու առումով: Մենք` մտավորականներս, պատրաստ ենք մասնակցել, մեր կարծիքը, գաղափարները հայտնել պետականաշինության ցանկացած հարցով»,- ասաց Հակոբ Մովսեսը` հավելելով, թե Աստված տա` շարունակական բնույթ կրեն այս հանդիպումները, և դրանք կազմակերպվեն ոչ միայն Դաշնակցության կողմից: