կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-22 17:02
Հասարակություն

Հրատապ քայլեր` Քաջարանի ԲԿ-ում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման ուղղությամբ

Հրատապ քայլեր` Քաջարանի ԲԿ-ում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման ուղղությամբ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը վերադարձել է Քաջարանից և ներկայացրեց տեղում կատարված ուսումնասիրությունների վերլուծությունը։ Նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեց ստեղծված իրավիճակը և առաջացած խնդիրների լուծման նպատակով հրատապ միջոցեռումներ իրականացնելու հարցը։

 

Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին 20 օր ժամանակ տվեց հանրապետության հիվանդանոցային ողջ ցանցում` առաջին հերթին վիրահատարաններում, գինեկոլոգիական, դիալիզի բաժանմունքներում, լաբորատորիաներում, վիրակապարաններում ու վարակազերծման կետերում մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնելու համար։ Միաժամանակ հանձնարարվեց ուշադրություն դարձնել, թե ինչպես է կազմակերպվում այդ ծառայությունները մատուցող բուժաշխատողների կանխարգելիչ բուժզննումը։

 

«Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործընթացի և բժշկական ծառայությունների որակի պատշաճ վերահսկողության ապահովումը 2015 թվականի պետական պատվերի տեղադրման կարևոր պայման պետք է լինի։ Դրանց ապահովման համար պետք է գործեն հստակ մեխանիզմներ»,-ասաց Մուրադյանը` հավելելով, որ այս քայլով հնարավոր կլինի էականորեն բարելավել հիվանդանոցային ծառայությունը։

 

Նախարարը հանձնարարեց երկու ամսվա ընթացքում նույն ուսումնասիրությունները շարունակել նաև ստոմատոլոգիական և պոլիկլինիկական ծառայություններում, լաբորատորիաներում` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարությանը և հիմնադիրներին։

 

«Կարևոր է, որ այս ուսումնասիրությունների արդյունքում վեր հանվեն առկա բոլոր խնդիրները և ներկայացվեն լուծման կոնկրետ առաջարկներ։ Դրանք պետք է հիմք ծառայեն «Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագծում նոր, առավել արդյունավետ ընթացակարգեր մշակելու համար»,-ասաց Մուրադյանը։

 

Քննարկվեցին նաև բուժհաստատություններում ներհիվանդանոցային վարակների կանխագելման պատասխանատուների առջև խիստ պահանջներ դնելուն, նրանց իրազեկելուն և կրթելուն վերաբերող, ինչպես նաև այլ հարցեր։

 

Հիշեցնենք, որ օրերս էլ վարչական վարույթ էր հարուցվել` Քաջարանում հեպատիտ C-ով վարակի դեպքերի հետ կապված: