կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-16 16:20
Հասարակություն

Փոքրիկի վիրահատությունը բարեհաջող է անցել, այն տևել է 20 րոպե

Փոքրիկի վիրահատությունը բարեհաջող է անցել, այն տևել է 20 րոպե

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ` վաղ առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կայացած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել անցկացնել ընդլայնված խորհրդակցություն: Ժամը 14:00-ին Հայաստանի և արտերկրից հրավիրված առաջատար մասնագետների մասնակցությամբ կայացավ ընդլայնված կոնսիլիում:

 

Հեռախոսակապի միջոցով կապ է հաստատվել Քլիվլենդի (ԱՄՆ), Իսրայելի, Ֆրայբուրգի (Գերմանիա), Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, աշխարհի լավագույն կլինիկաների մասնագետների հետ: Կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև երեխայի հետագա հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով մասնագետները համատեղ որոշում են կայացրել` գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջամտության միջոցով կատարել դրենավորում: Վիրահատությունը հայաստանյան մասնագետների հետ կատարել է անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը:

 

Մինչ վիրահատությունն իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները` հաշվի առնելով, որ այն հնարավորություն կընձեռի կանխարգելել կյանքին սպառնացող հնարավոր բարդությունների զարգացումը, որոնց միտումները կլինիկորեն դեռևս առկա չեն, սակայն, մասնագետների կարծիքով, կարող են ձևավորվել կարճ ժամանակահատվածում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վիրահատության ողջ ընթացքում եղել է բժշկական կենտրոնում:

 

Մասնագետների ջանքերի շնորհիվ վիրահատությունը բարեհաջող է անցել, տևել է 20 րոպե: Երեխան այժմ գտնվում է մանկական վերակենդանացման բաժանմունքում: Երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: