Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունել են Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ օրինագիծ: Փաստաթղթերում, մասնավորապես, հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողներին, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:
Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:
Այս կապակցությամբ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին, երկրի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այս քայլով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բոլիվիան իր կարևոր ներդրումը բերեց պատմական արդարության վերականգնման, մարդկության դեմ հանցագործությունների ճանաչման, դատապարտման, կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի վեհ գործում»: