կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-28 11:49
Հասարակություն

Նոր աղանդ, որը հանդես է գալիս Հայ Առաքելական եկեղեցու անունից

Նոր աղանդ, որը հանդես է գալիս Հայ Առաքելական եկեղեցու անունից

Միացյալ երիտասարդական լիգան նոր աղանդ է բացահայտել, որը Հայ Առաքելական եկեղեցու անունից է հանդես գալիս: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՄԵԼ-ի համանախագահ Դանիել Պետրոսյանը նշեց, որ աղանդը «Եկեղեցասիրաց եղբայրներ» ՀԿ-ի անվան տակ է գործում, և բոլորին ասում են, թե իրենք Առաքելական եկեղեցու հետևորդներն են: Ըստ բանախոսի` աղանդն իր գործունեությունը սկսել է Ղարաբաղում, ապա տեղափոխվել է Երևան:

 

«Նրանք Առաքելական եկեղեցու անվան տակ հետևորդներ են հավաքում: Հանդիպում են ամեն չորեքշաբթի և կիրակի օրերին «Շողակաթ» հեռուստաընկերության շենքի հետնամասում գտնվող մի սրահում: Նրանց հավաքներին մոտ 300 մարդ է մասնակցում, անգամ` անչափահասներ: Եթե նրանք Առաքելական եկեղեցու հետևորդներ լինեին` ինչո՞ւ պետք է եկեղեցուց դուրս քարոզներ իրականացնեին և անչափահասներին նույնպես ընդգրկեին իրենց շարքերում»,- ասաց Պետրոսյանը:

 

ՄԵԼ-ի համանախագահ Սևակ Հովհաննիսյանն էլ նշեց, որ վերջերս զրուցել է «Շողակաթի» անվտանգության աշխատակիցներից մեկի հետ և փորձել պարզել, թե արդյո՞ք նրանք են սրահը վարձակալության տալիս կրոնական կառույցին, սակայն անվտանգության աշխատակիցը պատասխանել է, որ գիտի միայն` հավաքվողներն Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ են: «Առաջիկայում փորձելու ենք այս մասին տեղեկացնել Առաքելական եկեղեցու առաջնորդներին»,- ասաց Հովհաննիսյանը: