կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-10 12:32
Սպորտ

Նանկինում առնվազն 5 լուրջ մրցակցուհի ունեմ. Սոնա Պողոսյան

Նանկինում առնվազն 5 լուրջ մրցակցուհի ունեմ. Սոնա Պողոսյան

Նանկինի պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի Հայաստանի 14 մարզիկներից երկուսը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են: Նրանցից մեկը Քասախի Սարմեն Եսայանի անվան հայտնի մարզադպրոցի և ՀՀ վաստակավոր մարզիչ Արման Ղազարյանի սանուհի՝ ծանրորդ  Սոնա Պողոսյանն է, ով այժմ սովորում է օլիմպիական հերթափոխի հանրապետական քոլեջում: Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հարցազրույց է ունեցել մարզուհւ հետ:


-Սոնա՛, դու սովորաբար հանդես ես գալիս 69 կգ քաշային կարգում, իսկ Նանկինում պետք է մրցես մինչև 63 կգ քաշայինների հետ: Քաշի հետ կապված խնդիրներ չկա՞ն

-Բացարձակ, վերջին անգամ այսօր մարզումից առաջ եմ կշռվել: Ընդամենը 64, 800-էի:

-Մարզումներիցդ երևում է լրջորեն ես նախապատրաստվում:

-Այլ կերպ հնարավոր չէ. առնվազն 5 լուրջ մրցակցուհի ունեմ:

-Փաստորեն բոլորին գոնե հեռական ծանոթ ես:

-Այո, հեռակա բոլորին էլ ծանոթ եմ: Իսկ ոմանց հետ նաև մրցումային պայքարի մեջ եմ եղել:

-Եվ ո՞ր երկրների ներկայացուցիչներն են մեդալների համար հիմնական պայքարողները:

-Ռուսաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի պատվիրակները լուրջ քաշեր են պատվիրել. նախնական 200, նրանցից մեկը նույնիսկ 205: Այնպես որ նրանց հետ պայքարի համար ես պետք է կատարեմ իմ լավագույն արդյունքներն ու սպասեմ նրանց պատասխանին:

-Այսինքն՝ դու 200 սահմանին չե՞ս մոտենում:

-Այս պահին առավելագույնը կարողացել եմ երկամարտի 195 կգ արդյունք ցույց տալ: Նանկինում պատրաստվում եմ սկսել 80 պոկում և 100 հրում կատարելով: Երրորդ մոտեցումների ժամանակ, եթե հնարավոր լինի, կփորձեմ խառնվել մեդալների համար պայքարին:

-Ասում են, որ ծանրամարտից բացի ուրիշ տարերք էլ ունես:

-Այո, շատ էի սիրում կարատե մարզաձևը, սակայն այնպես ստացվեց, որ ընտրեցի ծանրամարտը, որի համար չեմ փոշմանել:

-Երևի այդ հարցում վճռորոշ դեր խաղաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

-Այո, Հռիփսիմեի հաջողությունները տեսնելով հեռուստացույցով՝ ավելի հավանեցի ծանրամարտը: Բացի այդ, գյուղում շատ աղջիկներ էին պարապում այս մարզաձևով:

-Երբ վերջնական ընտրություն կատարեցիր, տանեցիները չընդդիմացա՞ն:

-Մայրս՝ Հերիքնազը, համաձայն չէր: Բայց ես նրան հիշեցրի, որ ինքն էլ է մեկ տարի կարատե պարապել: Բացի այդ, նրան լռեցրին իմ հաջողությունները:

-Որոնք շատ շուտ տրվեցի՞ն:

 

-Այո, 13 տարեկան էի, երբ ընդգրկվեցի Արման Ղազարյանի և Տարոն Թովմասյանի խումբ, բայց արդեն մի քանի ամիս հետո 63 կգ քաշային կարգում Հայաստանի երիտասարդական առաջնությունում գրավեցի 4-րդ տեղ, իսկ պատանեկան առաջնությունում դարձա փոխչեմպիոն: 2013 թվականին հռչակվեցի պատանիների Հայաստանի չեմպիոն, իսկ այս տարի առաջինն էի համ պատանիների ու երիտասարդների, համ էլ մեծահասակների մեջ:

-Ասում եմ՝ քո առջև բացվել են նաև մեծահասակների հավաքականի դռները:

-Այո, պատանեկան օլիմպիական խաղերի ավարտից հետո միանալու եմ մեծահասակների հավաքականին և պատրաստվելու եմ նոյեմբերին Ալմաթիում կայանալիք օլիմպիական վարկանիշային աշխարհի առաջնությանը:

-Վերադառնանք Նանկին, այնտեղ դու լինելու ես առանց անձնական մարզչի

-Առանց մարզչի շատ դժվար կլինի, ակայն ես պատրաստ եմ սիրով կատարել նաև պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ Վիգեն Խաչատրյանի հրահանգները: