կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-23 14:54
Հասարակություն

Կառավարությունը վետերաններին 11 միլիոն դրամ կտրամադրի

Կառավարությունը վետերաններին 11 միլիոն դրամ կտրամադրի

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանին  ընդառաջ' Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղը կորոշի բյուջեում վերաբաշխում անելու միջոցով  «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» ՀԿ-ին 5 միլիոն դրամ գումար հատկացնել:

 

Կարևորելով վետերանների ունեցած մեծ ավանդը Հայաստանի Հանրապետության կայացման գործում՝ կառավարությունը նպատակահարմար է  գտնում  ՀԿ-ին տրամադրել այդ գումարը' հաշվառված վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, վետերանների ներգրավմամբ և նրանց  սոցիալական ներառմանը նպաստող միջոցառումներ կազմակերպելու նպատակով:

 

Որոշման նախագծով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» ՀԿ-ի  հայացողությամբ' տրամադրվող 5 միլիոն  դրամն ուղղել կարիքավոր վետերաններին  դրամական բավարարմանը և նրանց  սոցիալական ներառմանը նպաստող միջոցառումների իրականացմանը:

 

Վաղվա նիստի մեկ այլ որոշմամբ՝ կառավարությունը ընթացիկ տարում, Հայրենական մեծ պատերազմի 50 վետերանի հանգստի կազմակերպման նպատակով, կհատկացնի ևս 6 միլիոն դրամ' Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Այս որոշմամբ կառավարությունն ակնկալում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից 50 վետերանի տրամադրել առողջարանի ուղեգիր, ինչը հնարավորություն կտա կազմակերպելու նրանց հանգիստն ու առողջության վերականգնումը:

 

Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի վետերանների իրավական և սոցիալական պաշտպանության հարցերը կանոնակարգվում են «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի 4-րդ հոդվածով ամրագրված է, որ վետերաններն ունեն արտոնյալ պայմաններով առողջարանային բուժման ուղեգրեր ստանալու արտոնություն:

 

Որոշման նախագծով նախատեսվող գումարով առաջարկվում է 50 վետերանների համար առողջարանի ուղեգիր ձեռք բերել' 50 վետերան' 12 օր, օրական 10 հազար դրամ հաշվարկով: