կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-17 16:14
Մշակույթ

Երևանն այլանդակել են, գուցե մարդիկ էլ են փոխվել, չգիտեմ. Օթար Իոսելիանի

Երևանն այլանդակել են, գուցե մարդիկ էլ են փոխվել, չգիտեմ. Օթար Իոսելիանի

Վրացի անվանի ռեժիսոր և կինոդրամատուրգ Օթար Իոսելիանու ծննդյան 80-րդ հոբելյանը կտոնվի նաև Հայաստանում: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակում կցուցադրվեն ռեժիսորի «Տերևաթափ», «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Հովվերգություն», «Խաժամուժ» ֆիլմերը:

 

Օթար Իոսելիանին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կինոն իր համար կյանքի անհրաժեշտություններից մեկն է: Նա պատմեց նաև, որ մինչ կինո տանող ճանապարհի սկիզբը ոտք դնելը բավական երկար է քայլել` եղել է երաժիշտ, մաթեմատիկոս, բայց ո՛չ մեկն է եղել, ո՛չ էլ` մյուսը:

 

«Ես ջութակ էի նվագում: Մի անգամ ինձ մոտեցավ մորեղբայրս և ասաց` այդպես էլ ամբողջ կյանքդ ուրիշների տեքստե՞րն ես կարդալու: Դրանից հետո ամեն ինչ փոխվեց: Հետո որոշեցի մաթեմատիկայով զբաղվել, լավ էի սովորում, և մի օր էլ զինվորական հանձնաժողովն եկավ և ուսանողների միջից մի քանիսին ընտրեց` իրենց հետ համագործակցելու և պայթուցիկներ սարքելու համար: Ես էլ էի «ընտրյալների» շարքում: Հենց այդ պահին էլ որոշում կայացրի մաթեմատիկան ևս թողնել: Հետո արդեն մտա կինոյի ոլորտ»,-պատմեց Իոսելիանին` հավելելով, որ սկզբնական շրջանում ուրիշների ֆիլմերի մոնտաժով է զբաղվել: «Իմ նկարահանած ֆիլմերն արգելում էին ցուցադրել, բայց, անկախ ամեն ինչից, որքան շատ էին արգելում, այնքան շատ էի նկարահանում»,- ասաց նա:

 

Կինոռեժիսորը, խոսելով Երևանի մասին, նշեց, որ այն, ինչ տեսել է Երևանում, այլանդակվել է, Երևանն այլանդակել են: «Գուցե մարդիկ էլ են փոխվել, չգիտեմ: Թիֆլիսը հայկական քաղաք էր, ես հայերի շրջապատում եմ ապրել, նրանց հետ օրս լուսացրել, իսկ այսօր անցնում եմ թիֆլիսյան փողոցներով, և չկա մեկը, ում կարող եմ բարևել, կանգնել, խոսել հետը»: