Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր որոշեց թույլատրել «Սենատոր գրուպ» ՍՊԸ-ի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի' 3 տարով երկարաձգումը' մինչև 2017 թվականի հունիսի 18-ը:
Ըստ ներկայացված փաստաթղթերի' «Սենատոր գրուպ» ՍՊԸ-ի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվել են 300 միլիոն 562 հազար 499 դրամ ընդհանուր արժեքով 43 հատ խաղային ավտոմատներ:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը որոշման նախագիծըւ ներկայացնելիս նշեց, թե ընկերությունը սահմանված կարգով ներկայացրել է ներդրումային ծրագիր, որն էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարության կողմից ստացել է դրական գնահատական:
Ծրագրի հաջող իրականացումը, նշվում է որոշման հիմնավորումներում, թույլ կտա ոչ միայն պահպանել առկա աշխատատեղերը, այլ նաև ստեղծել շուրջ 32 նոր աշխատատեղեր մարզերում:
«2014 թվականի փետրվարի դրությամբ` ընկերությունում աշխատել է 118 աշխատակից, որոնցից 64-ը մարզային համայնքների բնակիչներ են: Մարզային համայնքներում նախատեսվում է ստեղծել հավելյալ 32 աշխատատեղ»,- իր խոսքում նշեց Սերգեյ Ավետիսյանը:
Ընկերությունը 2008 թվականից ՀՀ տարածքում իրականացնում է «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքին համապատասխան խաղատնային գործունեություն եւ գործում է ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած լիցենզիայով:
2012 թվականի դեկտեմբերի 6-ի' «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով խաղատնային գործունեության համար 2014թ. հունվարի 1-ից թույլատրելի գոտիները հաստատվելուց հետո' 2013 թվականից, ընկերությունը նախաձեռնել է իր գործունեությունը նշված օրենքին համապատասխանեցնելու, ինչպես նաև հիմնական միջոցների վերազինմանն ուղղված ներդրումային ծրագիր, որը ներկայումս իրականացվում է Ծաղկաձորում՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագրի» շրջանակներում:
Ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտություն է առաջացել 2013թ. հունիսի 18-ի բեռնամաքսային հայտարարագրերով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված սարքավորումների ժամկետը երկարաձգել ևս երեք տարով, որի համար ընկերությունը, սահմանված կարգով, դիմել է ՀՀ կառավարությանը: