կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-18 10:59
Առանց Կատեգորիա

Կեղծ թեզ ընդդիմության չկայացածության մասին

Կեղծ թեզ ընդդիմության չկայացածության մասին

Խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորվեց  իշխանության  միակուսակցական համակարգ: Ըստ էության տեղի ունեցավ այն, ինչ իր առջեւ նպատակադրել էր գործող իշխանությունը: Թե ինչպես  այդ ցանկությունն իրականացվեց՝  գաղտնիք չէ: Կարելի է թերեւս  արձանագրել, որ  դրված խնդիրը գլուխ բերելու  ընթացքում, ինչպես միշտ,  չափն անցան  իրականացնողները՝ սովորականի պես մտավավախություն ունենալով, թե  նախանշված  նիշը  չի հաղթահարվի: Իհարկե ամեն ինչ հաղթահարվեց  իշխանության համար, սակայն հետո մի անհարմար իրավիճակ ստեղծվեց: Թե երկրի ներսում եւ թե մանավանդ երկրից դուրս  դժվար էր համոզել, որ  տարիներ շարունակ իշխող ուժը նոր ընտրություններում հավաքել  է բացարձակ ձայներ՝ ջախջախելով հակադիր թեւում  գործող բոլոր կուսակցություններին: Դժվար է հավատացնել մի երկրի դեպքում, ուր  կենսապահովման նվազագույն շեմից ցածր է բնակչության կեսից ավելիի եկամուտը, որտեղից տարեկան  տասնյակ հազարավոր մարդ է  փախչում, որտեղ, անգամ պաշտոնյաների խոստովանության համաձայն, բնակչության 83% տոկոսը  չի վստահում արդարադատության համակարգին, որտեղ  ցցուն արտահայտված է  հարուստների փոքրամասնության եւ աղքատության սահմանագծի շուրջ գոյատեւող մեծամասնության միջեւ եղած  բեւեռացվածությունը:

 

Եւ ահա նշված  հակասությունը ինչ-որ կերպ բացատրելու  համար հրապարակ նետվեց այն թեզը, թե Հայաստանում ընդդիմությունը չի կայացել: Այլ խոսքով այնքան չերեւացող է ընդդիմությունը, որ ընտրողը ոնց պտտվում՝ իշխանական ուժից  բացի որեւէ մեկին իր շուրջը չի տեսնում: Իշխանավորները «խոր ցավով  ու ափսոսանքով» հայտարարեցին այս մասին, լրատվա-քաղաքագիտական դաշտի գզիրներն էլ լուրն առած վազեցին դռնեդուռ եւ չեն զլանում իշխանավորների հետ թութակի պես կրկնել  սույն «բոթը»:

 

Տարիներ առաջ  Գերագույն  խորհրդի նախագահ  Բաբկեն Արարքցյանը, «Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցում, ասել էր, թե  ցավոք Հայաստանի իշխանության դիմաց կայացած ընդդիմություն  գոյություն չունի: 

 

Այս միտքն ասվել էր այն ժամանակ, երբ  նորանկախ երկրի առաջին իշխանությունները դեռ ամուր ու ինքնավստահ էին զգում իրենց եւ սիրում էին կրկնել, թե. «Մեր դեմ խաղ չկա», բայց հենց նման հայտարարությունները վկայում էին, որ թիկունքներն սկսել է մրսել  «հետապնդողների» շնչառությունից: Ի վերջո պետական ողջ համակարգը տնօրինող համազգային այդ ուժից ոչինչ  չմնաց: Նրանք գնացին  արատավոր ճանապարհով, որն ի դեպ այսօրվա իշխանությունը եւս իր համար ուղի է ընտրել:

 

Հայաստանի Հանրապետական  կուսակցության վերջին համագումարում, կուսակցության եւ երկրի ղեկավար  Սերժ Սարգսյանը նշեց, թե  միայն իրենց կուսակցությունն է, որ ունի ամենուր ներկայացված  կուսակցական  ուժեղ կառույց եւ հետեւաբար ամենակարող եւ հեռանկարային քաղաքական միավորն է: Կարծում ենք, սակայն նա ինքն էլ հասկանում է, որ իրենց ներուժն, ըստ էության, կազմում են կուսակցականացված իշխանական  նոմենկլատուրան  եւ օլիգարխիկ համակարգը,  որոնք առանց կարմրելու այս մի  կրծքանշանն էլ  կփոխեն՝  հենց  որ կուսակցությունը դադարի իշխանություն լինելուց:

 

Ինչ վերաբերում է  ընդդիմության վիճակին, ապա  պետք է փաստել, որ իշխանության մեջ ներկայացված չլինելու պարագայում  հայաստանյան  ընդդիմությունը մեծապես  կորցնում է քաղաքական գործընթացների վրա գործուն ազդեցության հնարավորությունը: Այդ հնարավորությունը նա դեռ ինչ-որ չափով պահպանում է,  եթե ունի խորհրդարանական կարգավիճակ, իսկ արտախորհրդարանական  ուժերը,  ինչպես ներկա վիճակն է վկայում, գրեթե աննշմար են դառնում քաղաքական համայնապատկերի վրա: Երեւույթի հիմնական պատճառն իհարկե ոլորտը կարգավորող  օրենսդրությունն է եւ երկրի կառավարման ավտորիտար դրվածքը:

Այսինքն, որքան էլ  ոմանք ճչան եւրոպական արժեհամակարգին ու ժողովրդավարությանը հոգեհարազատության մասին,  անկախության  երկուսուկես տասնամյակի ընթացքում  Հայաստանի քաղաքական համակարգի մեկ թեւը հալածվել, վարկաբեկվել եւ մերժվել է այնքան, որ  երկիրն, ըստ էության, հասցվել է  միակուսակցական կառավարման վիճակի: Պատահականորերն չենք շեշտում կառավարում բառը, որովհետեւ  ազատ իրավահարաբերությունների պայմաններում     իշխանություն-ընդդիմություն զույգ  թեւերն են,  որ ապահովում են պետական-քաղաքական մեքենայի լիարժեք ընթացքը: 

 

Իսկ անհանդուրժողության եւ միակառավարման հավակնության պարագայում  գործող կուսակցությունների քանակը կարող է ոչինչ չնշանակել, ինչպես-որ չէին նշանակում օրինակ կոմունիստական-բռնապետական Ռումինիայում գործող հինգ-վեց  ոչ իշխանական կուսակցությունները:

 

Բարեբախտաբար  Հայաստանում  գործող մի քանի կուսակցություններ, այս ընթացքում,  հաստատել են իրենց տեղը քաղաքական դաշտում՝ ունենալով գործունեության ծրագրեր, կատարած գործ եւ անցած  ճանապարհ:   

  

Այդ կուսակցությունների  կայացածությունն ու չկայացածությունը չափել կարելի է  ամեն անգամ ընտրությունների շրջանում ոտքի ելնող ժողովրդի տրամադրություններից  ելնելով, եթե իհարկե հենց այդ տրամադրությունները լինեն որոշիչ  եւ  ընտրակաշառքն ու մնացած հայտնի գործոնները  կշեռքի նժարը չշեղեն իր բնական կողմնորոշումից:

 

Հետաքրքիր է նաեւ, որ ընդդիմության չկայացածության մասին խոսակցությունները շատանում են հատկապես այն պահերին, երբ ակտիվանում է ընդդիմության գործունեությունը,  եւ իշխանությունը կանգնած է լինում իր գործունեության եւ դրա հետեւանքների համար հանրությանը բացատրություն տալու պարտադրանքի առջեւ:   

 

Ցավոք մեզանում իրական խոսքն ու գործը չեն սեփական ճշմարտությունն ապացուցող փաստարկը, այլ  ենթակայական գնահատումները, ինքնագոհ հայտարարությունները, թե մեր դեմ խաղ չկա,  թե գալիք տաս տարին մենք ենք լինելու եւ  մեր գրասենյակից է անցնելու ապագա իշխանավորների «գահադրման» ճանապարհը, թե մենք ամենակայացածն ենք, իսկ մնացածն ընդհանրապես կայացած չեն եւ նման այլ անհեթեթություններ: Եթե  ինքնագոհությանն ու հավակնություններին ինչ-որ չափով  համարժեք լիներ  կատարված գործը, թերեւս ուշադրության արժանի լինեին   նաեւ  քաղաքական գնահատականները: Թեեւ, ինչպես ասվեց, գնահատականներ հնչեցնողները  իշխանավորները  չպետք է լինեն, այլ ժողովուրդը, եթե իհարկե ամեն անգամ, ասիական ճարպկությամբ, չոտնահարվի նրա իրավունքը:  

 

«ԴՐՕՇԱԿ» 

ՀՅԴ պաշտոնաթերթ  

հունիս 2014