|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ոչ թե կառավարության ծրագիրն անվանեց իրատեսական, խստապահանջ և ականջալուր, ինչպես դա արեց վարչապետը, այլ քառյակի քվեարկությունը անվանեց իրատեսական, խստապահանջ և ականջալուր:
Ըստ պատգամավորի` կառավարության ծրագիրը որևէ մեխանիզմ չի ստեղծում, որ այն իրականացվի, որովհետև եթե կառավարությունն իսկապես ցանկանում է, քաղաքական ուժերի հետ համագործակցելով, իրականություն դարձնել այդ ծրագիրը, ապա գոնե ծրագրում պետք է ներառվեին մի քանի` հույս ներշնչող փոփոխություններ, օրինակ` «Ընդդիմության մասին օրենք», որի շնորհիվ ընդդիմությունը վերահսկողական լծակներ կունենար տնտեսական գործառույթների և բյուջեի նկատմամբ, այդ դեպքում` ընդդիմությունը կմտածեր, որ ինչ-որ բան փոխվել է:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ընդդիմությունը խստապահանջ է լինելու կառավարության ծրագրի խոցելի կետերի նկատմամբ: «Մեր քվեարկությունն ականջալուր էր, իսկապես դա պոետական եզրույթ է, որովհետև մենք ականջալուր էինք հասարակության ձայնին, քանի որ հասարակությունը դժգոհ է և' ծրագրից, և' կառավարությունից»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նա նաև նշեց, որ կառավարության ծրագրի հենասյուներից է պարտադիր կուտակային համակարգի դրույթը, և այդ առումով ազնիվ էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ով ԱԺ ամբիոնից խոստովանեց, որ դիզայնի փոփոխություն կլինի` այն համեմատելով միկրոֆոնի դիզայնի հետ: Այսինքն` կուտակայինի հարցով որևէ փոփոխություն հասարակությունը չի կարող ակնկալել: