կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-28 12:45
Հասարակություն

Սպայի մեքենան բախվել է ազատամարտիկի երեխաների ննջասենյակի պատին

Սպայի մեքենան բախվել է ազատամարտիկի երեխաների ննջասենյակի պատին

«Ձեռքս արդեն մի քանի ամիս է` կոտրված է, բայց ոսկորը ոսկորին չի կպնում, բժիշկներն ասում են` շատ եմ դեղեր խմել, ոսկորս փխրուն է…»,- պատմում է 12 վիրահատություն տարած արծվաշենցի ազատամարտիկ Հայկ Պետրոսյանը:

 

Սոցիալական ծանր վիճակը, առողջական խնդիրներն ու աշխատել չկարողանալն արդեն 22 տարի է` անբաժան են Հայկից: Միակ լավ բանը, որ եղել է վերջին տարիների ընթացքում, ամիսներ առաջ Ճամբարակ մտնող ճանապարհի մոտ վթարային տուն գնելն էր: «Պաշտպանության նախարարությունը 2 մլն դրամ փոխանցեց, մի քիչ էլ պարտք արեցի, էս տունն առա, որ երեխեքս ծածկի տակ լինեն»,- ասում է Հայկը: Իսկ մինչ այդ երեք անչափահաս երեխաների նա ընտանիքի հետ ապրում էր բարեկամի լքված տանը:

 

Ազատամարտիկը հույս ուներ, որ, նոր տուն տեղափոխվելով, բոլոր փորձությունները կավարտվեն և կկարողանա նորմալ կյանք սկսել, բայց… Բնակարանամուտից շաբաթներ անց մի սպա մեքենան շրջադարձ կատարելիս բախվել է ճանապարհին գտնվող` Հայկի վթարային տան պատին: Վնասվել է ննջասենյակը, որտեղ այդ պահին քնած են եղել երեխաները: Հայկն ասում է, որ նրանք հրաշքով են փրկվել:

 

«Մնում է մենք մեր հաշվին սարքենք … Կարող էինք այդ մարդուն դատի տալ, էն էլ սպա է, չենք ուզում: Ուղղակի տեսնենք մարդկություն կունենա՞` մի բանով օգնի»,- ասաց Հայկի մայրը` տիկին Էլեոնորան:

 

Հայկը չի կարող մտածել վթարային տունը տեսքի բերելու, գոնե տարրական կումունալ հարմարություններով ապահովելու մասին, քանի որ ստացած թոշակը հատկացնում է դեղորայք գնելուն: Իսկ մեկ ամսից էլ նրան 13-րդ անգամ վիրահատելու են (ձեռքի երկաթը հանեն): Վիրահատության գումար Հայկը չունի, պետպատվերի շրջանակներում այս տարվա համար նախատեսված գումարներն էլ արդեն սպառվել են:

 

Հայկի դուստրը` 8-ամյա Էլենը, երազում է բժշկուհի դառնալ: «Որ պապային բուժեմ»,- ինքն իրեն կարծես արդարացնում է աղջիկը:

 

Հայկի գանգոսկրից մի հատված բացակայում է: «Պատերազմի հետևանքն է»,- ասում է նա, բայց չի տրտնջում` փորձելով որքան հնարավոր է զգույշ լինել, որպեսզի հանկարծ ինչ-որ կոշտ առարկայի չդիպչի և այդ հատվածում հարված չստանա, հակառակ դեպքում` հետևանքը ծանր կլինի: Ոսկորը վերականգնելու համար ամենաքիչը 13 հազար դոլար է անհրաժեշտ, իսկ նման վիրահատություններն անում են արտասահմանում: Հայկը հույս ունի, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն իրեն, օրինակ` մեծ հույսեր է կապում գեներալ Սեյրան Սարոյանի հետ: «Նրա հետ եմ կռվել: Եթե իմանա գլխիս եկածը, գուցե օգնի՞»,- կարծես ինքն իրեն հույս տալով` ցածրաձայն ասում է ազատամարտիկը:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ